21:39 , 1 սեպտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը: Օրը խորհրդանշական է ոչ միայն դպրոցականների, այլեւ նրանց համար, ովքեր շատ վաղուց ավարտել են դպրոցն ու այժմ ունեն ամենաջերմ հիշողությունները այդ տարիների հետ կապված: Դպրոցական տարիների ամենաթանկ հիշողությունների հետքերով Life.panorama.am-ը այսօր զրուցել է երգչուհիներ Անուշիկ Ալավերդյանի եւ Նարինե Դովլաթյանի ու դերասաններ Արսեն Գրիգորյանի եւ Ռաֆայել Երանոսյանի հետ:
Անուշիկ Ալավերդյանը սովորել է Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում, երգչուհին մինչ օրս պահպանում է կապը դասըներկների հետ. «Անսահման կարոտում եմ դպրոցական տարիներս եւ այդ տարիների հետ կապված ամեն մանրուք: Դպրոցական տարիներս մշտապես ժպիտով ու հուզմունքով եմ հիշում. ընկերներիս եւ ուսուցիչներիս հետ կապը պահպանում եմ մինչ օրս: Պետք է ասեմ, որ ես գերազանց ավարտել եմ միայն առաջին դասարանը, բայց ցանկության դեպքում միշտ ստանում էի իմ ցանկալի գնահատականը»,- պատմեց երգչուհին ու հիշեց, որ դպրոցական տարիների իր ամենամեծ խնդիրը կապված է եղել հագուստի հետ. «Մշտապես խնդիրներ եմ ունեցել դպրոցական հանդերձանքիս հետ կապված, որովհետեւ դպրոց էի գնում սպորտային հագուստով, բայց քանի որ մեր տունը դպրոցին շատ մոտ էր, ինձ շատ հաճախ էին ուղղարկում տուն, որպեսզի փոխեմ հագուստս եւ դպրոցին համապատասխան հագնվեմ»,- պատմեց Անուշիկը:
Դպրոցական հիշողությունների շարքում երգչուհին առանձնացրեց նաեւ առաջին միջոցառումը. «Շատ լավ եմ հիշում առաջին միջոցառումը, որին մասնակցեցի եւ երգեցի բոլորիս հայտնի «Կարոտ» երգը, ի դեպ այդ միջոցառմումը վարում էր հաղորդավար Արտակ Վարդանյանը»,- նշեց Անուշիկ Ալավերդյանը:
Երգչուհի Նարինե Դովլաթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երկու դպրոց է փոխել՝ առաջինից երրորդ դասարանները սովորել է Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա Երեւանի «Վարդանանց ասպետներ» դպրոցում:
Երգչուհին մեզ հետ կիսվեց իր առաջին դասարանի ավարտական միջոցառման հետ կապված հիշողություններով. «Առաջին դասարանի ավարտական հանդեսին կոշիկներս երկու անգամ մեծ էին ոտքերիս, բայց ես այդպես ողջ միջոցառման ընթացքում ակտիվորեն երգեցի եւ պարեցի: Իհարկե, այդ օրը շատ ուրախ էի, բայց հիշում եմ, թե ինչքան անհարմար էր մեծ կոշիկներով, որոնք անընդհատ դուրս էին թռչում ոտքիցս: Ի դեպ, մինչ օրս կոշիկների հետ կապված այդ «ավանդույթը» շարունակվում է. շատ դժվարությամբ եմ ճիշտ իմ հագով կոշիկներ գտնում, այդ իսկ պատճառով շատ հաճախ ստիպված պատվիրում եմ»,- պատմեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ