Դասագրքերի ստեղծման իմ փորձի մասին


18:12 , 1 սեպտեմբեր, 2015

Իմ փորձից

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ դասագրքերը վերանայվելու են, 1-ից 12-րդ դասարանների ամբողջ ուսումնական ծրագիրը վերանայվելու է, որովհետև մենք ունենք Եվրոպայի ամենածանր, ամենադժվար դպրոցական ծրագրերից մեկը: Ամեն մի մասնագետ մտածել ա, որ էդ երկու ժամվա մեջ ամեն ինչ գրի, տենց գրել ա:

Հիմա ես ձեզ կպատմեմ դասագրքերի ստեղծման իմ փորձի մասին: 2001-2002թթ. մի հրատարակչության տնօրեն էի և փայատերը: Երկու տարիներին մասնակցել ենք դպրոցական դասագրքերի տենդերին, և ներկայացրել եմ մոտ 8-9 դասագրքեր՝ այն ժամանակվա ամենափորձառու հեղինակների կողմից պատրաստված: Հիմնական աշխատանքները ես էի ղեկավարում՝ և՛ հեղինակների հետ բանակցությունները, պայմանների ճշտումը, և՛ ողջ հետագա աշխատանքները, նաև «ներքին խոհանոցային» հարցերը: 2001թ.-ին Քիմիայի 9-10 դասագրքերը շահել ենք, և դրանք դպրոցներում դասավանդվել են, չնայած նրան, որ իմ կարծիքով մեր կողմից պատրաստված ավելի լավ դասագրքեր կարող էին շահել: Դասագրքերի ստեղծման ողջ պրոցեսն ուսումնասիրել եմ, գիտեմ նաև ողջ ներքին խոհանոցը, որի մասին կլռեմ: Ասեմ, որ չափազանց շահութաբեր բիզնես է, սակայն դրա մասին չեմ հիմա խոսելու: 
ԿԳՆ ԾԻԳ-ը հաստատում էր տենդերի փաստաթղթերը և տեխնիկական չափորոշիչները, որից հետո բովանդակային հանձնաժողովը որոշում էր, թե որ դասագիրքն են շահելու: Ներկայացվում էր բովանդակության 60%-ը: Մոտավորապես մարտ-ապրիլ ամսին իմանում ես շահելու կամ չշահելու մասին, և ապրիլի վերջին ափալ-թափալ պետք է մինչև մայիսի վերջ մնացած 40%-ը պատրաստես ու ձևավորես գրքերը, հետո տանես տպարան ու այդ մեծ տիրաժն օգոստոսին հասցնես բոլոր մարզերի համապատասխան պահեստները: Բնական է, որ որևէ որակի որևէ դպրոցում այդ գրքերի փորձարկման մասին խոսք լինել չի կարող: Ավելին, մեր դեպքում ես չկարողացա Քիմիայի մյուս հրատարակչության դասագրքերի հեղինակների հետ համաձայնության գալ տերմինների ընդհանրության գործում: Դա ահավոր էր, և մինչև հիմա խղճի խայթ ունեմ երեխաների հանդեպ, որոնք նման ձևով պատրաստված դասագրքերով են սովորում: Այդ բիզնեսից դուրս եկա: Հասկացա, որ հանցագործության մասնակից եմ դառնում: