17:18 , 1 սեպտեմբեր, 2015
Armtimes.com-ը գրում է.
Քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում Սինյաեւսկոյեի գյուղապետ Վլադիմիր Դյուժիկովը պատմեց Ռաֆայել Խլղաթյանի հետ տեղի ունեցած միջադեպից, ինչպես նաեւ տվեց դրա վերաբերյալ իր գնահատականները: Նա հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե օգոստոսի 31-ին, այլ՝ օգոստոսի 30-ին, երբ Սինյաեւսկոյում նշվում էր համայնքի օրը:
Ռաֆայելին հուղարկավորել են երեկ, Սինյաեւսկոյեում, որտեղ ապրում են նրա ծնողները: Ինքը Ռաֆայել Խլղաթյանը բնակվում էր Դոնի-Ռոստով քաղաքում եւ այդ օրն այցելել էր ծնողներին:
- Վլադիմիր Վասիլեւիչ, ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել:
- Երկու խոսքով ասեմ, քանի որ ես ընդհանրապես հեռախոսով այդ թեմայով չեմ խոսում, ձեր եղբայրները, գտնվելով անսթափ վիճակում, ավտոմեքենայով մեծ արագությամբ վարել են մեր ողջ բնակավայրով: Հասկանալի է, չէ՞, թե ինչ է տեղի ունեցել:
- Ռուսաստանի, կամ Ռոստովի մարզի համար նորմա՞լ է՝ մարդուն սպանել նման պահվածքի համար:
- Դա նորմալ չէ, իհարկե: Ես չեմ արդարացնում մարդկանց նման պահվածքը: Պարզապես նկատի ունեմ, որ մարդիկ այդքանից հետո ափերից դուրս էին եկել: Հենց այդ պատճառով էլ այդ ամենը տեղի ունեցավ:
- Ինչու՞ բնակիչները չկանխեցին դժբախտությունը:
- Կանխեցին, ինչպես թե: Ամեն ինչ կարող էր ավելի վատ վերջանալ, եթե չկանխեին:
- Բայց մարդուն ծեծելով մահվան են հասցնել:
- Դեռ կպարզվի, թե մահն ինչպես է տեղի ունեցել: Ես ուզում եմ հատուկ նշել, որ Սինյաեւսկոյեում հայերը քիչ չեն, շատ են եւ համերաշխ ապրում են ռուսների հետ: Այստեղ բոլոր ազգերը խաղաղ ապրում են, եւ որեւէ անգամ նման միջադեպ տեղի չէր ունեցել, ազգային հողի վրա բախումներ չեն եղել: Պարզապես նա իրեն այդպես լկտի դրսեւորեց, սկսեց բարձր արագությամբ վարել մեքենան, պտտել աջուձախ, հարվածեց այլ մեքենաների եւ մարդկանց զայրացրեց:
- Ի՞նչ մարդիկ են Ռաֆայել Խլղաթյանի ծնողները:
- Ես չեմ ճանաչում նրանց: Նրանք եկվոր են եւ ես չեմ կարող բնութագրել:
- Քանի՞ տարի է, որ Սինյաեւսկոյեում են ապրում:
- 20 տարի:
- 20 տարի ձեզ հետ նույն համայնքում են ապրում, եւ բնութագրել չե՞ք կարող:
- Դե հա, ծնողներն ապրում են այստեղ, աշխատում են: Հայրը վարորդ է, մեծ բեռնատարով բեռներ է տեղափոխում: Նրա կողմից առանձնապես միջադեպեր, խախտումներ չեն եղել: Իսկ տղան ապրում էր Ռոստովում եւ ես նրան չեմ կարող բնութագրել:
- Ռաֆայելին ծեծողները ձեր համայնքի՞ց են:
- Ինքնությունը չպարզված անձինք են: Քննություն է գնում, եւ ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Բայց նա բարձր արագությամբ էր վարում մեքենան եւ մի երիտասարդի հարվածել է: Ոչ թե վրաերթի մասին է խոսքը, այլ պարզապես մեքենայով հարվածել է: Երկրորդին էլ քիչ էր մնում ճզմեր: Մի խոսքով, նա բավականին խուլիգանություններ է արել:
- Իսկ ինչպե՞ս է այն տղայի վիճակը, որին Ռաֆայելը հարվածել է մեքենայով:
- Նորմալ է: Իմ տեղեկություններով՝ կոտրվածքներ չկան: Նա դիմել է բժիշկներին, բայց ես մանրամասներին ծանոթ չեմ, այլ գործերով եմ զբաղված:
- Ժողովուրդն այդ օրը նշում էր համայնքի օրը: Միջադեպին մասնակցած անձինք ալկոհոլի ազդեցության տա՞կ են եղել:
- Դա ես չեմ կարող ասել: Քննությունը կպարզի:
- Ձերբակալվածներ կա՞ն:
- Տեղեկություն չունեմ: Ես այլեւս չեմ կարող խոսել:
Նշենք, որ Սինյաեւսկոյեն Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի գյուղերից է: Համայնքը կազմված է վեց խուտորներից, ունի 6000 բնակիչ: Գյուղապետը նախկին ոստիկան է, սրպես Ռոստովի ջոկատներից մեկի հրամանատար՝ Չեչնիայում մասնակցել է մարտական գործողությունների:
Հիշեցնենք, որ ՌԴ Ռոստովի մարզում մոտ ավելի քան հարյուր մարդ ծեծի է ենթարկել ազգությամբ հայ վարորդ Ռաֆայել Խլղաթյանին, ինչի հետեւանքով նա մահացել է: