16:54 , 1 սեպտեմբեր, 2015
Armenpress.am-ը գրում է.
Յութուբում հայտնի դարձած «Կարո և Աբո» անիմացիոն սերիալների հեղինակ, ամերիկաբնակ հայազգի Հայկ Մանուկյանը ձգտում է ընդլայնել իր գործունեության շրջանակը:
Այդ նպատակով նա Kickstarter օնլայն դրամահավաք կայքի միջոցով կփորձի գումարներ վաստակել. 12 րոպեանոց փոքրիկ ֆիլմ նկարահանելու համար նրան պետք է 75 հազար դոլար: «Արմենպրես»ը ներկայացնում է The Daily Dotի անդրադարձը հայազգի Հայկ Մանուկյանի գործունեությանը: Հայկ Մանուկյանը Հայաստանից տեղափոխվել է Ամերիկա, երբ 8 տարեկան էր: Անգլերենի չիմացությունը դժվարություններ էր ստեղծում ինտեգրման առումով:
Հետո նկարչությունն օգնեց կապ հաստատել շրջապատի երեխաների հետ: Փասադենայի արվեստի կենտրոնին, որն ամենամոտն էր իր բնակության վայրին, Հայկ Մանուկյանն ուղարկեց իր նկարների թղթապանակը, 9րդ դասարանում ընդունվեց այդ կենտրոնի ավագ դպրոցը: Իր նկարների թղթապանակն այնուհետև ուղարկեց Disney/Warner Brosի սեփականություն հանդիսացող «Cornerstone Animation» ստուդիա, որի հարկի ներքո աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Անհավատալի Հալքը», «Էլվինն ու բուրունդուկները» և այլն: Հայկ Մանուկյանը «Կարո և Աբո» մուլտաշարն ստեղծել է 2007ին, երբ աշխատում էր «Էլվինն ու բուրունդուկները» ֆիլմի վրա: «Մենք շատ էինք աշխատում, նույնիսկ հանգստյան օրերին, բայց ես ցանկանում էի ստեղծել իմ սեփականները: Իմ յութուբյան ալիքում ես խնդրեցի մարդկանց ինձ ուղարկել հումորներ, որոնք ես կարող եմ անիմացիայի վերածել:
Հարութ Բալյան անունով տղան ուղարկեց ինձ մի հումոր, և ես, փոխանակ հումորը անիմացիայի վերածեի, որոշեցի շրջադարձային բան անել` ստեղծելով մի հերոս, ով փորձում է անեկդոտ պատմել, իսկ մյուսն անընդհատ ընդհատում է նրան` ծիծաղելով ամեն ինչի վրա, և արդյունքում անեկդոտի վրա չեն ծիծաղում: Ես ստեղծեցի պարզ կերպարներ, որոնք շատ հեշտ է դարձնել անիմացիա և անվանեցի նրանց Աբո և Կարո: Սկզբում մտածում էի` նրանք կլինեն ուղղակի ընկերներ, բայց հետո որոշեցի, որ եղբայրներ են»,պատմում է հայազգի անիմատորը:
Հայկ Մանուկյանի խոսքով, հումորային մուլտի սերիաների համար սցենարը նա վերցնում է իր առօրյա կյանքից, շրջապատի մարդկանցից: «Հայրս, մայրս, քույրերս, կինս, նրա բարեկամները, բարեկամներս, ինչպես նաև ես` այդ մարդիկ ենք: Քանի որ ես կնոջս հետ ապրում եմ ծնողներիս տան կողքին, ինձ անգամ պետք չէ նյութի հետևից այլ տեղ գնալ: Ես կարող եմ նայել պատուհանից ու տեսնել, թե ինչպես է հայրս «կռվում» սկյուռիկի հետ կամ ինչպես չի կարողանում բռնել աղավնուն, որին ցանկանում է խաչասերել մեկ այլ աղավնու հետ: Սցենարներն իրենք իրենց գրվում են»,ասում է Հայկ Մանուկյանը: