14:16 , 1 սեպտեմբեր, 2015
Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենդանաբանական այգին վերականգնել է հունիսի կեսին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վնասված տարածքի մեծ մասը և պլանավորում է սեպտեմբերի առաջին կեսին ընդունել այցելուներին։ Այդ մասին հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
«Մենք պլանավորում ենք կենդանաբանական այգին բացել սեպտեմբերի առաջին կեսին։ Մենք սկզբունքորեն պատրաստ ենք դրան։ Այնտեղ, ուր հնարավոր էր, կատարվել են հիմնական վերականգնողական աշխատանքներ»,- ասել է նա։ Հաղորդվում է, որ նոր կենդանաբանական այգին կառուցվելու է Թբիլիսիի ծայրամասում։
Հունիսի կեսերին Թբիլիսիում գրանցված ավերիչ ջրհեղեղի հետևանքով մայրաքաղաքի կենդանաբանական այգին գրեթե ամբողջովին ավերվել է։ Նրա 600 կենդանիներից ողջ են մնացել միայն կեսը։