12:48 , 1 սեպտեմբեր, 2015Lragir.am-ը գրում է.
Հայաստանում գործազուրկների թիվն այս տարվա հուլիսի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրել 86 414 մարդ, այս թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 36.4 տոկոսով:
Աշխատանք փնտրողներից 74 441-ը եղել են գործազուրկ: Նրանք պաշտոնապես գրանցված գործազուրկներն են, որոնց թիվն էլ նախորդ տարվա հուլիսի վերջի համեմատ ավելացել է 17.2 տոկոսով: Նրանց մեծամասնությունը կանայք են՝ 52 582: Գործազուրկների մեծ մասը աշխատունակ տարիքի մարդիկ են՝ 30-54 տարեկանները:
ԱՎԾ հրապարակման համաձայն՝ գործազրկության մակարդակը մեծ է Երևանում՝ 15 254 մարդ: Հաջորդում են Շիրակի մարզը՝ 12 022 և Լոռին՝ 10 182 գործազուրկ:
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում աճել է 20.0 տոկոսով: