Դպրոցական հուշեր մութ ու ցուրտ տարիներից


09:36 , 1 սեպտեմբեր, 2015

1988 թվական, 27 տարի առաջ նորակառույց դպրոցի առաջին առաջին դասարանցիներն էինք: Մենք այբբենարանի հանդես այդպես էլ չարեցինք, քանի որ տառաճանաչ դառնալուց հետո տեսանք առաջին արհավիրքը՝ դեկտեմբերի 7: Հետո մեր դասարանցիներից մեկը, որին բոլորդ գիտեք, հրաժարվեց սովորել Լենին պապիկի թեմայով ցանկացած դաս, և մեր ուսուցչուհին դրան շատ նորմալ էր վերաբերվում ու 2 չէր նշանակում, իսկ մեր զարմացական հարցին ոչինչ չէր պատասխանում: Հետո տարօրինակ շարժ էինք զգում դպրոցում: Դասերից հետո դահլիճում տեսնում էինք հավաքված մարդկանց, որոնք ինչ-որ բան էին խոսում, բռունցքները վեր պարզում ու «մեր հայրենիքը» լսում, իմ արև, բան չէի հասկանում, մեզ էլ ոչ մեկ բան չէր ասում: Հետո հանրաքվե, արդեն 3-րդ դասարանում էինք, ուղեղներս ինչ-որ բան հասնում էր, առավոտից երեկո ընտրատեղամասում 10 դասարանի տղերքը եռագույնն էին ծածանում, մինչև ավարտվեց, դե գիտեք՝ որ օրն էր: Պատերազմ: Չէինք պատկերացնում՝ դա ինչ է, մեզ համար կռիվ կինոյի նման բան էր, ուղղակի իրական էինք տեսնում, թե ոնց են ջոկատ կազմում, զենքերն առնում, գնում: Դրա ահավորությունը զգացինք այն ժամանակ, երբ մի քանի օր ընդմիջումներով սկսեցին բերել ամենահարգված տղերքի դիակները՝ 6 հոգի: Մութ ու ցուրտ տարիներ, շրջափակում: Հացը կտրոնով էր՝ 200 գրամ մի հոգին: Նույնիսկ շան կեր ներմուծեցին, չորացրած մսի տեղ ծախեցին ժողովրդին՝ ժամկետանց: Թաղի կնանիք դրանից դոլմա էին սարքում: Կիլոմետրերով հացի հերթ ու անխնա հատվող ծառեր: Որոշեցի դառնալ բնապահպան՝ փրկել մեր թաղի ծառերը: Մոտեցա ծառը հատող Արթուրիկին ու խիստ չթողեցի, իսկ նա կացինով հարձակվեց վրաս՝ ասելով, որ չթողեմ, վիզզ կկտրի, բա կարող ա՞ իմ պատճառով անկողին ընկած մայրը չկարողանա տաքանա: Այ այդ օրն էլ հասկացա, որ մինչև ծառերն ու կենդանիներն ավելի բարձր արժեքներ կան: Մոմի տակ սովորած դասեր, բլեյանական գրքեր և այսպես մինչև 2003 թվական:
Ու էսքանից հետո էս նոր սերունդը թող մի րոպե փորձի համոզել, որ իր դպրոցական տարիները շատ դժվար են: 
Հա, քիչ էր մնում մոռանայի, այդ ծանր տարիներին մեր դասարանում 14 հոգին սովորում էին գերազանց, որոնցից 12-ն ընդունվեցին ԲՈՒՀ: