ԱՄՆ պետդեպը կհրապարակի ևս 7 հազար էջ Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրությունից


09:18 , 1 սեպտեմբեր, 2015

hillary_clinton_130415ԱՄՆ պետդեպարտամենտը կհրապարակի իր նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրության հերթական մասը, որը 2016 թվականի նախագահական ընտրություններում պայքար է մղում Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրելու համար: Նախկին պետքարտուղարի էլեկտրոնային փոստի շուրջ շարունակվող սկանդալը նրա համար կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Սպիտակ տան ճանապարհին: Այս մասին գրում է TASS-ը:

Ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թորները, այս անգամ Քլինթոնի էլեկտրոնային արխիվից կհրապարակվի 7 հազար էջ, որը նա անցյալ տարվա վերջին փոխանցել է իշխանություններին:

«Այսպիսով, կհրապարակվի նրա նյութերի 25 տոկոսից ավելին»,- հստակեցրել է ամերիկացի դիվանագետը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է եղել խմբագրել մոտ 150 նամակ՝ դրանցից վերացնելով ծառայողական գաղտնի տեղեկատվությունը: Սակայն երբ պետքարտուղարի պաշտոնում գտնվող Քլինթոնը գրել է իր նամակները, այդ տեղեկությունները գաղտնի չեն եղել: Ուստի, ըստ Թորների, նրա կողմից որևէ խախտման մասին խոսք լինել չի կարող: