17:29 , 31 օգոստոս, 2015
Ավստրիայի և Հունգարիայի սահմանին օգոստոսի 31-ին բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, քանի որ ավստրիական կողմն ավելի վաղ ուժեղացրել է սահմանային վերահսկողությունը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Հունգարական որոշ մայրուղիներում խցանումները հասնում են 20 կմ-ի: Սահմանին խուզարկվում են բոլոր տրանսպորտային միջոցները, որոնցում կարող են փախստականներ լինել:
Միաժամանակ, Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ արդեն հայտնաբերել են ավելի քան 200 փախստականի և ձերբակալել են 5 ուղեկցորդի, որոնք անօրինական ներգաղթյալներին տեղափոխել են սահմանով:
«Այն պահից, երբ մենք ներդրել ենք միջոցառումները, որոնց մասին ավելի վաղ պայմանավորվել ենք Գերմանիայի, Հունգարիայի և Սլովակիայի հետ, հայտնաբերել ենք ավելի քան 200 փախստականի և ձերբակալել 5 մաքսանենգի»,- ասել է Ավստրիայի ՆԳՆ ներկայացուցիչ Կոնրադ Քոգլերը:
Օգոստոսի 29-ին Հունգարիան հայտարարել է Սերբիայի հետ սահմանին փշալարի մոնտաժման ավարտի մասին: Պատնեշը տեղադրվել է սահմանի ամբողջ երկայնքով՝ 175 կմ:
Այդպիսով Բուդապեշտը ձգտում է կանգնեցնել փախստականների հոսքը, որոնք Հունգարիա են հասնում Սերբիայով և հիմնականում ձգտում են հասնել ԵՄ մյուս երկրներ: