15:36 , 31 օգոստոս, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև դատական բժիշկը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 15 բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցի վրա, հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած 52-ամյա Վահան Աղաջանյանի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի հանձնարարականով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
