14:44 , 31 օգոստոս, 2015
Անանուն մասնավոր ներդրողը պատրաստակամություն է հայտնել փոխանցել մոտ 100 միլիոն դոլար՝ Վլադիմիր քաղաքում ապրող ծրագրավորող Վալերիյ Սպիրիդոնովի գլխի փոխպատվաստման վիրահատությունն իրականացնելու համար:
Ռուսաստանցի Վալերիյ Սպիրիդոնովն աշխարհում առաջին հիվանդն է, ով համաձայնվել է գլխի փոխպատվաստման բացառիկ վիրահատությանը: Երեսունամյա տղամարդը գամված է անվասայլակին ու տառապում է մեջքի մկանային ապաճում (ատրոֆիա) անբուժելի հիվանդությամբ:
Ինչպես պատմել է ինքը՝ Սպիրիդոնովը, մասնավոր ներդնողն ինքն էր գտել իրեն ու պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել այս բժշկական գիտափորձը, որի գործնական տարբերակը դեռ չի կիրառվել: Իր տեսակի մեջ եզակի այս վիրահատությունը նախատեսվում է կատարել 2017 թվականին, ու ներդրողը պատրաստ է այդ նպատակով տրամադրել շուրջ 100 միլիոն դոլար: Վիրահատությունը կատարելու է հայտնի իտալացի նեյրովիրաբույժ Սերջիո Կանավերոն:
Այս տարի Սպիրիդոնովն այցելել էր ԱՄՆ, որտեղ գիտաժողովի շրջանակներում հանդիպել էր Կանավերոյի հետ, ինչից հետո բժշկի հետ միասին գլխի փոխպատվաստման վիրահատության նախագիծն էր ներկայացրել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բժիշկ–տրանսպլանտոլոգներին: Այս բացառիկ գիտափորձի ֆինանսավորումը հանձն առած ներդրողի անունն առայժմ չի հնչեցվում:
Թեև շատ մասնագետներ թերահավատորեն են վերաբերվում նման վիրահատության բարեհաջող արդյունքին, սակայն Կանավերոն ու Սպիրիդոնովը շատ վճռական են տրամադրված, և փոքր չէ հավանականությունը, որ 2017 թվականին նման բարդագույն վիրահատությունը կդադարի գիտական ֆանտաստիկայի ժանրից թվալ: