12:44 , 31 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 26-ին կայացած նիստում բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ այդ դեպքում գործ ունեն դատարանի կոպիտ սխալի հետ. «Կալանավորելիս, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս մի հարց է քննարկվում. եթե այդ մարդը մնա ազատության մեջ, կարո՞ղ է խուսափել քննությունից, կամ ազդեցություն ունենալ վկաների, տուժողների վրա: Եթե այդպիսի հիմքեր չկան, անձը չի կարող կալանավորվել նախաքննության ընթացքում, քանի որ չի համարվում հանցագործության կատարման մեջ մեղավոր: Տվյալ դեպքում ամեն ինչ գլխիվայր շուռ տված է: Դատարանը չի հիմնավորել ոչ Արա Բուդաղյանի առնչությունը տվյալ հանցագործությանը, ոչ էլ նրա քննությունից թաքնվելու, խոչընդոտելու, նոր հանցաք կատարելու հավանականությունը: Չնայած սրան, նա մինչ այժմ գտնվում է կալանքի տակ»:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԱԱԾ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 3-ին ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ