12:23 , 31 օգոստոս, 2015
Թեհրանը մշակել է Սիրիայում խաղաղության հաստատման նոր նախագիծ, որը ներկայացնելու է ՄԱԿ-ի քննարկմանը: Մինչ այդ նախագծի վերաբերյալ մանրամասնություններ չեն հաղորդվելու:
Հետևելով ԻԻՀ բարձրաստիճան պաշոնյաների՝ վերջին օրերի հայտարարություններին՝ կարելի է ենթադրել, որ նախագիծը չի նախատեսելու Բաշար Ալ-Ասադի հեռացում իշխանությունից կամ Սիրիայի գործող կառավարության հրաժարական: ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ուղղակիորեն հայտարարել է այն մասին, որ «ԻԻՀ-ը մինչև վերջ պաշտպանելու է Բաշար Ալ-Ասադին»:
Այդ ամենը կարող է առնվազն երկու բան նշանակել, որ ԻԻՀ միջուկային հիմնախնդրի շուրջ ոչ հրապարակային՝ կուլիսային քննարկումների ժամանակ Սիրիայի հարցը որոշակիորեն շրջանցվել է, և Իրանի ու Արևմուտքի միջև այդ հարցում ձեռք չի բերվել փոխհամաձայնություն, կամ հակառակն է տեղի ունեցել, պարզապես Թեհրանը ցանկանում է ցուցադրական գործողություններով պահպանել վստահելի գործընկերոջ իր վարկանիշը, որը վերջին ժամանակներս ցավոտ խնդիր է դարձել տարածաշրջանում նրա հիմնական մրցակից պետություններից մեկի՝ Թուրքիայի համար: