Կան ժամանակներ, երբ ամեն ինչ թվում է վերջնական ու ավարտված ՝ պետական կարգը, սահմանները, կենսակերպը։ Սարսափելի է մտածել, բայց, դիցուք, մարդիկ, ովքեր իրենց գիտակցական կյանքն ապրել են ու մահացել սովետի վերջին շրջանում՝ Բրեժնևի օրոք, էդպես էլ չեն իմացել, որ կլինեն ուրիշ ժամանակներ՝ կփլուզվի «սովետը», Հայաստանը կանկախանա, տեղի կունենա պատերազմ Ադրբեջանի դեմ հանուն Ղարաբաղի ազատագրության, որի անունը դատարկ հնչյուն էր ճնշող մեծամասնության համար այդ տարիներին։
1990-ականների կեսերին նույնպես թվում էր, որ կայունության նոր, վերջնական շրջան է սկսվում՝ ամերիկյան փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության վախճանը» գրքի ոգով. մարդկությունը թևակոխել է մի ժամանակաշրջան, երբ ամբողջ աշխարհը գիտակցում է, որ կա զարգացման մեկ ճանապարհ՝ ժողովրդավարությունը, ազատականությունը, և բոլորը համերաշխորեն կշարժվեն այդ ուղղությամբ։
«Խոսքի ազատությունը, խղճի ազատությունը, ԶԼՄ-ների ազատությունը, սեփականության իրավունքները. քաղաքակիրթ հասարակության այս հիմնարար բաղադրիչները հուսալիորեն կպաշտպանվեն պետության կողմից»,- 2000 թ. իր առաջին ուղերձում որպես ՌԴ նախագահ
հայտարարում էր Վ. Պուտինը։
15-ամյա վաղեմության խոստմանը նա հավատարիմ է մնացել միայն մի կետում՝ սեփականության իրավունքների, որը վերաբերում է միայն օլիգարխների իր նեղ շրջապատին... բայց խնդիրը դա չէ՝ Ռուսաստանում խոսքի, խղճի, ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներին զուգահեռ աշխարհում վերացել է կայունությունը կամ դրա պատրանքը։
Նախ իսլամի միջնաբերդը՝ արաբական աշխարհը, սասանվեց... որպեսզի կատարվի ամերիկյան գաղափարախոս Սեմյուել Հանթինգտոնի
մարգարեությունը, թե «իսլամի սահմաններն արյունոտ են», ապա և Վ. Պուտինը Ռուսաստանի վերահսկողության տակ առավ Ուկրաինայի տարածքի զգալի մասը` վերադարձնելով պատերազմը Եվրոպա, «ներեվրոպական քաղաքացիական պատերազմների» շրջանակ, ինչպիսին ինտելեկտուալ շրջանակները կոչում էին XX դարի պատմությունը։
Պուտինը, իր խոսնակները պարբերաբար կասկածի տակ են առնում նաև նախկին սովետական հանրապետությունների անկախության իրավունքը՝ Ուկրաինան ու Ղազախստանը նախկինում երբեք պետություն չեն եղել, Հայաստանն առանց Ռուսաստանի կկործանվի և այլն։ Այսինքն, սպառնում է պատերազմով։
Բայց Հայաստանը փաստացի արդեն իսկ պատերազմի կողմ է, ընդ որում, հենց ռուսական ճամբարից՝ որպես ԵՏՄ անդամ ու Ռուսաստանից վասալային կախում ունեցող երկիր։
Մյուս կողմից, մեր երկիրը դարձել է ճակատամերձ գոտի թուրք-քրդական բախումների նոր ծավալման բերումով. ըստ փորձագետների մեծամասնության, քրդերը ավելի քան երբևէ մոտ են քարտեզի վրա միջազգայնորեն ճանաչված պետություն ստեղծելուն։
Եվ, հնարավոր է, 1915-ից հարյուր տարի անց պարզվի, որ Օսմանյան կայսրությունն ու երիտթուրքերը չէ, որ օգտագործել են քրդերին հայկական տարրը տարածաշրջանից վերացնելու համար, այլ իրենք են օգտագործվել, որպեսզի այդ հողերի վրա քրդերի պետություն ստեղծվի։
Արևմուտքի հետ առճակատման տևականության դեպքում հնարավոր է Ռուսաստանի պառակտումը՝ քարտեզի վրա 3-4 նոր պետության առաջացմամբ։
Նոր փոփոխությունների այս ժամանակաշրջանում իրադարձությունների զարգացման ի՞նչ սցենարներ են հնարավոր և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նոր իրավիճակում կորուստներ չունենալու համար՝ այս մասին լռում է իշխանությունը, լռում են քաղաքական ուժերը։
Սա նման է վատ ավանդույթի շարունակության։ Մի առիթով ուսումնասիրելով թուրքական թեման հայ գրականության մեջ՝ ես տեսա, որ անդրադարձները չափազանց քիչ են, ոչ խորը, մանավանդ եթե նկատի ունենք շփումների դարավոր պատմությունը։ Քրդերի դեպքում, կարծում եմ, պատկերը կլինի ավելի անմխիթարական։
Այն իրավիճակում, երբ երկրի քաղաքական համակարգը անդամալույծ է, վերջին հույսը հանրությունն է, նրա մտավոր ներուժը, որ վերլուլուծումներ ներկայացնի, ինչ-որ դեպքերում թելադրի գործադիր մարմիններին։