Համաշխարհային շուկայում պղինձը շարունակում է էժանանալ` հասնելով 2009 թ.-ի գներին


17:30 , 28 օգոստոս, 2015

Համաշխարհային շուկայում պղինձը շարունակում է էժանանալ` հասնելով 2009 թ.-ի գներին (տես գծագրում):

Պղնձի նման անկումը լուրջ վնասներ է հասցնում պղնձի խտանյութ արտահանող երկրներին, այդ թվում զգալի չափերով վնասներ է հասցնում Հայաստանին, քանի որ ՀՀ-ի արտահանման կառուցվածքում մոտ 35 տոկոսը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին, որն էլ մեծ արտարժույթի ներհոսք է ապահովում դեպի մեր տնտեսությունը: Պղնձի գնի անկումը մենք զգացինք մեր տնտեսության վրա դեռ 2008-2009թթ.-ին, որն իր հետևանքները թողեց տնտեսության ապագա զարգացման վրա: 2009թ.-ի գների անկումից հետո մենք պետք է հասկանայինք, որ նման խնդիրներ լինելու են միջազգային շուկաներում, և միշտ չէ, որ պղինձը միայն բարձրանալու է: Դրանից ելնելով՝ պետք է լուծումներ փնտրեինք, որ հետագայում նման իրավիճակը մեր տնտեսությանը խնդրի առջև չկանգնեցներ: Խնդրի լուծումը կա, բայց ոչ մի դրական շարժ, առաջարկ, մտահոգություն չկա համապատասխան պետական մարմինների կողմից: Ինչո՞ւ 2009թ.-ից հետո չի քննարկվում ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագրեր, ինչո՞ւ չկան վերլուծություններ, թե ինչու ներդրումներ չեն կատարվում վերամշակող կազմակերպություններ հիմնելու համար: Հանքարդյունաբերությունը մեր ազգային հարստությունն է, և բոլորը պետք է հասկանան, որ խտանյութ արտահանելու փոխարեն կարող ենք վերջնական արտադրանք արտահանել և ամենաքիչը 3-4 անգամ ավելացնել ընդհանուր արժույթի մուտքերը` խուսափելով նման վայրիվերումներից: Այդ պարագայում ՀՀ-ն կունենա մի քանի անգամ ավել արտարժութային ներհոսք, մարզերում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր, ընդհանուր արտահանում-ներմուծում բացասական հարաբերակցությունը կնվազի, և ազգային արժույթը կարժևորվի և կպահի իր դիրքերը, այլ ոչ թե ամեն տարի 40-50 դրամ կգահավիժի: Բոլորը խոսում են տնտեսության արագ զարգացումից, բայց ոչինչ չի արվում: Հենց սա է տնտեսության արագ զարգացումը. եթե մենք ստեղծենք վերամշակող գործարաններ և մենք ինքներս վերամշակենք մեր հումքը, ապա սա մուլտիպլիկատիվ էֆեկտ կթողնի մեր տնտեսության վրա, ինչին ձգտում են բոլոր երկրները: Բայց խնդիրը դեռ մնում է բաց, չկան վերլուծություններ, չկան առաջարկություններ, ահա այն կարևոր խնդիրները, որ պետք է քննարկվեն, լուծումներ առաջարկվեն և կյանքի կոչվեն, եթե ուզում ենք ունենալ զարգացած և կայուն տնտեսություն: