14:42 , 28 օգոստոս, 2015
Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով այսօր Ադրբեջանի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ կայանալիք եռակողմ հանդիպումը, հայտարարել է, որ Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև գործում է մեխանիզմ, որը ծառայում է տարածաշրջանի կայունությանը. «Մենք ունենք Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան մեխանիզմ։ Նմանատիպ մեխանիզմները գործարկված են տարածաշրջանի կայունության համար»։
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ այսօր հանդիպելու է Անթալիայում և հիշեցրել է, որ նոյեմբերին էլ Անթալիայում անցկացվելու է G20-ի գագաթնաժողովը. «Թուրքիան ներկայումս գլխավորում է աշխարհի ամենահարուստ երկրների խումբը։ Մեր երկիրն արժանի է նրան, որ Անթալիայում անհրաժեշտ ձևով անցկացվի G20-ի գագաթնաժողովը»։
Հաղորդվում է, որ Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ եռակողմ հանդիպումն անցկացվել է հունվարի 29-ին Աշգաբադում։
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիան հայտնվել է G20-ից դուրս մնալու վտանգի տակ։ Թուրքիան G20-ի նախագահությունն ստանձնել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ից։