Պատմության այս օրը - Համաստեղ


09:30 , 26 նոյեմբեր, 2012

 

Համաստեղ (Համբարձում Կելենյան) (1895 -1966), արևմտահայ գրող է, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը։
Ծնվել է 1895 թվականին Խարբերդի Փերչենճ գյուղի մեջ, Թոթովենցի հայրենակիցն է։
Համաստեղը իր 1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշում է.
«Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»։
1913 թվականին հորը լսելով տեղափոխվել է ԱՄՆ, 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում, այդ տարիներն հենց Նյու Յորքում էլ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեի հետ։
Հետագայում՝ 1930 թվականին, արդեն Փարիզում մտերմացել է Իսահակյանի հետ, որը նոր էր դուրս եկել Խորհրդային Հայաստանից։ Իսահակյանը միշտ էլ կրկնում էր Շիրվանզադեի խոսքը. «Ես փրկեցի Համաստեղին»։
Համաստեղը 1966 թվականի նոյեմբերի 26-ին Ամերիկայում իր ծննդյան յոթանասունամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ։
Համաստեղը իր գրական ծածկանունը հորինել է վերցնելով իր և հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա) անունների առաջին վանկերը։ Սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կենտրոնական վարժարանում, ուր և նրա մեջ ծնվում է սերը գրականության նկատմամբ:
1911թ. Համբարձումն ավարտում է վարժարանը և դառնում ուսուցիչ գյուղում: Համաստեղը ԱՄՆ էր գնացել հոր ցանկությամբ ու այդ նոր աշխարհին չէր համակերպվում։ Համաստեղին տիպական է «կարոտի գրականությունը»։
Հայտնի են նրա «Գյուղը» և «Անձրևը» պատմվածքների ժողովածուները, որոնք նկարագրում են հայ գյուղը՝ իր յուրահատուկ անցուդարձով և պատկերներով, «Սպիտակ ձիավորը» վեպը և «Քաջ Նազար» խորագրով երգիծական կարճ պատմվածքները, «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման, «Առաջին սեր» վիպակը։