17:04 , 27 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցությունը մերժել է սահմանադրական բարեփոխումների քննարկումներին մասնակցելու հրավերը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նաև մանրամասնեց, թե ինչու է մերժվել: Իսկ մերժման պատասխանը փոխանցվել է, քանի որ, ըստ Մարտիրոսյանի, դա է պահանջում բարեկրթությունը:
– Պարո՛ն Մարտիրոսյան, հայտնել էիք, որ կուսակցության վարչության նիստում որոշվել է, որ սահմանադրական բարեփոխումներին քննարկմանը մասնկացելու ՀՀ նախագահի հրավերը չեք ընդունելու և որ պատրաստվում էիք Ձեր մերժումը փոխանցել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Փոխանցեցի՞ք:
-Բնականաբար, իհարկե, բարեկրթությունը պահանջում է, որ եթե հրավեր եղել է, ես պետք է պատասխանեմ: Եվ պատասխանել եմ հեռախոսով, ինչպես առաջարկը ստացել եմ:
-Ինչպե՞ս ձևակերպեցիք մերժումը, մերժում եք հանդիպումը քանի որ ...
- Քանի որ նախնական տարբերակում մեր մոտեցումներն էինք ներկայացրել, որոնք ոչ միայն նկատի չեն առնվել, այլև, ըստ էության, ունենք վատթարացող դրույթ՝ ինքնիշխանության հետ կապված ... Ընդ որում, եթե 1-7-րդ գլուխների ժամանակ ընդամենը վերպետական կառույցների մասին էր խոսվում, այս անգամ արդեն տարածքային ամբողջականության մասին է խոսվում, որը մեր 5 կետերից գլխավորներից էր: Եվ սա նշանակում է, որ այս Սահմանադրությունը ցավոք չի համապատասխանում մեր պատկերացումներին:
-Րաֆֆի Հովհաննիսյանը և՞ս դեմ է արտահայտվել։
-Պարոն Հովհաննիսյանը երբ գա՝ իր դիրքորոշումը կասի: Միայն կասեմ, որ քանի որ 21-րդ դարն է, ինքը տեխնիկական միջոցներով մասնակցել է քննարկմանը:
-Բաց տեխնիկական միջոցներով՝ «Սկայպ»–ով մասնակցելով դե՞մ է արտահայտվել, թե՞ կողմ:
-Ինքը կասի իր մոտեցումը, քանի որ այս պահին ես կարծում եմ՝ ընդհանուր որոշումը կա, եթե ինքը ցանկանա առանձին ներկայացնել իր մոտեցումը … մնացած պարագաներում ես ներկայացնում եմ վարչության դիրքորոշումը:
-Վարչության անդամներից քանի՞սն են կողմ եղել գնալուն, քանիսը դեմ, և հակառակը:
-Նորից եմ ասում՝ մանրամասները չեմ ասի, քանի որ այլևս կա ընդհանուր որոշում:
-Հետևաբար, Ձեր ասածից կարո՞ղ եմ ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլ դիրքորոշում է ունեցել, կողմ է եղել հրավերն ընդունելուն:
-Ամեն ինչ էլ կարող եք ենթադրել, բայց երբ ինքը գա, կպատասխանի:
-Իսկ ինքը կապի ժամանակակից միջոցներից օգտվելու ժամանակ քվեարկե՞ց:
-Իր դիրքորոշումն արտահայտել է: