Սիրիահայերն այնքան են շատացել, որ նույնիսկ պարսիկներն են բողոքում «или закон подлости»


23:43 , 24 նոյեմբեր, 2012

Տրանսպորտային թեման իմը չէ: Ես վիրտուալ տարածության այն հեղինակներից չեմ, ովքեր իրենց պարտքն են համարում անպայման մեկ-երկու գլուխգործոց գրել «մառշռուտկեքի» կամ այլ քրտնած իրավիճակների մասին: Թերևս, եթե չհաշվենք «Աղացած մսով խորտիկներ» պատմվածքը, որտեղ երթուղայինների մրցարշավներ էին անկացվում… Շեղվեցի:

Ի՞նչ էի ուզում ասել:

Ասում են` սիրիահայերն այնքան են շատացել, որ նույնիսկ պարսիկներն են բողոքում:

Այսօր ցուրտ էր: Իմ սիրելի համարի տաք ավտոբուսը կանգառում է լինում ուղիղ 20:20: Ես սպասում էի ու զգում, որ ստորին վերջույթներս սառցակալում են, իսկ քիթս սահմանում է կարմրության նոր համաշխարհային ռեկորդ: Ավտոբուսը ուշանում էր արդեն կես ժամ: Ու հենց այդ պահին էլ հայտնվեց սիրիահայը: Մոտ հիսուն տարեկան մարդ էր, ինչպես հետո պատմեց` ատամնաբույժ:

-Ուշանում է,-ասաց նա ձայնի նյարդային տոնով:

-Ահա,-ասացի` զգալով չսպասված զրուցակցիս արևմտահայ առոգանությունը,-փորձված բան կա,-շարունակեցի` հանելով սիգարետս,-հենց որոշում ես ծխել` ավտոբուսը գալիս է:

Ուզում էի մեջբերել «закон подлости» արտահայտությունը, բայց հիշեցի, որ սիրիահայերը ռուսերեն չգիտեն:

-Ճիշտ ես,-ուրախացավ ատամնաբույժը,-ես էլ եմ նկատել:

Ինքն էլ իր սիգարետը վառեց: Սիգարետը տեղական էր: Հավանաբար նրան հաճելի ու հետաքրքիր է ծխել տեղական սիգարետները: Նույնիսկ սիգարետները հայրենիք ունեն: Սկսեցինք խոսել դեսից-դենից, մոտ երկու րոպե: Ու երևաց ավտոբուսը:

-Հահաաա,-ուրախացանք մենք,-փորձված բան ա ախր:

Մենք գցել էին սիգարետներն ու պատրաստվել ավտոբուս նստելուն, երբ տեսանք, որ մեր ուզած համարը չէ:

-1-0 աս ավտոբուսը մեզի հաղթեց,-ասաց սիրիահայը:

Մենք տխրեցինք: Էլի սկսեցինք խոսալ դեսից-դենից: Պարզվեց, որ ատամնաբույժն իսկական պալիգլոտ է` տիրապետում է հինգ լեզուների և արաբերենի հիանալի մասնագետ է, կարողանում է խոսել տարբեր բարբառներով և ոճերով (ով չգիտի` արևելագետ եմ ես, այս թեման ինձ հետաքրիր է): Մենք էլ չնկատեցինք, թե ինչպես էլի հանեցինք սիգարետներն ու էլի ծխեցինք:

-Այ եթե հիմա փոշմանենք ու գնանք էս կանգառից,-ասում էի ես,-հենց հետևներիցս կգա մեր ավտոբուսը:

Սիրիահայն ասում էր, որ իր հետ էլ է նույն բանը կատարվում: Մենք արդեն ծխել էինք գլանակների կեսը, երբ նորից ավտոբուս երևաց: Սպասեցինք մինչ այն կմոտենա: Մեր համարն էր: Թեթև ափսոսանքով հանգցրեցինք սիգարետները: Ի՞նչ ծխելու մասին է խոսքը, երբ հոգնած ես ու տուն ես շտապում:

-1-1,-ասացի ես,-էս անգամ հաղթեցին սիգարետները:

-Փորձված բան է,-ասաց նոր ծանոթս:

Ճանապարհին էլի խոսեցինք դեսից-դենից: Պարզվեց, որ գրեթե հարևաններ ենք, որ ինքը Հալեպ քաղաքից է և այլն, և այլն...

Ասածս ի՞նչ կցուցանե:

Կցուցանե, որ Հայաստանից դուրս էլ մարդիկ (նույնիսկ հայերը) էլի նման են մեզ` իրենց սնահավատությամբ ու կենցաղային իմաստության բոլոր նրբություններով, ու թող ոչ ոք չբողոքի նոր մարդկանց հայտնվելուց, ու թող ավտոբուսները միշտ ճշգրիտ աշխատեն, ու թող ձմեռն էլ մի քիչ տաք լինի: Ու ամենակարևորը` закон подлоси всегда работает!!!