Կուզիկին դագաղը կուղղի. Լիսկան կրկին ծեծկռտուքի մեջ է հայտնվել


11:37 , 27 օգոստոս, 2015

Մարդ ինչքան «հարուստ» ինտելեկտ պետք է ունենա, որ, գտնվելով ողջ հանրապետության ուշադրության ու ատելության կենտրոնում, ունենալով կալանավորված որդի՝ ծեծկռտուքի համար և ունենալով Բուդաղյանի՝ դեռևս չմարսված ու չներված սպանության պատմություն, բռնի ու էլի ինչ-որ օյինբազության մեջ հայտնվի:

Բայց դե Լիսկային ի՞նչ կա, շատ էլ որ պատմա-փիլիսոփայական գիտությունների դոկտոր ա... Էս մեր համազգային պատուհասը հիմա էլ Սիսիանում է իրեն ցույց տվել: Ուրեմն, պատմությունը զարգացել է հետևյալ կերպ.

Սիսիանի ավագանու անդամներից մեկը նամակ է գրում վարչապետին, որ Սիսիանին հատկացվող բյուջետային գումարների մի մասը չի հասնում քաղաք: Կառավարությունում նամակն ուսումնասիրում են, ու հարցեր են առաջանում արդեն մարզային իշխանությունների հետ, այսինքն՝ մարզպետ Լիսկայի: Լիսկան էլ գազազած գալիս ա Սիսիան ու քաղաքապետից բացատրություններ պահանջում: Սիսիանի քաղաքապետն էլ ասում է, որ, ախպեր, ավագանու անդամի իրավունքն ա, ես ի՞նչ կարամ անեմ: Լիսկան էլ չէր լինի Լիսկա, եթե էդ պահին չսկսեր հայհոյել ու վիրավորել քաղաքապետին: Սակայն քաղաքապետը տղամարդավարի է իրեն պահում ու պատասխանում է նույն բովանդակությամբ, իսկ երբ Լիսկան ավելի է տաքանում՝ կարգի է հրավիրում պատշգամբային հրաձգության չեմպիոնին՝ բռունցքներով մի քանի հակափաստարկ բերելով Լիսկային: Խառնվում են Լիսկայի ախռաննիկները, սկսվում է խմբակային ծեծկռտուք, բայց անհավասար մարտում քաղաքապետը պարտված դուրս չի գալիս: Վերջ, Լիսկային հավաքում, տանում են, քաղաքապետն էլ, չնայած ստացված վնասվածքներին, չի դիմում հիվանդանոց:

Մի կողմից, իհարկե, կարելի է ուրախանալ ու սիրտներս հովացնել այն փաստից, որ Լիսկայի բերանին եկել են ու մի քանի անգամ էլ տվել են, քանզի դա շատ-շատերի փափագն է դարձել մեր այս աբսուրդային իրականությունում:

Իսկ մյուս կողմից, կրկին ու կրկին հարց է առաջանում. մինչև ե՞րբ: Լավ, բացատրեք անհասկացողիս՝ այդ ի՞նչ անգնահատելի ու անուրանալի ավանդ ու նշանակություն ունի Լիսկան, որ ամեն գնով նրան պահում են ու ամեն անգամ աչք են փակում նրա արարքների վրա: Մատաղ արեք, թող գնա էլի, համ էլ բյուջեի պակասորդը կլրացնեք՝ Լիսկային կուլակաթափ անելով: