Գևորգ Կոստանյանն իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր


10:50 , 26 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:

Գևորգ Կոստանյանն ու Գիորգի Բադաշվիլին քննարկել են ՀՀ և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, կարևորվել է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների կողմից և Վրաստանում ՀՀ քաղաքացիների կողմից  կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հանձնման և, որ ամենակարևորն է, հանցագործությունների կանխման ուղղությամբ համագործակցությունը, ինչը վերջին տարիներին բավական արդյունավետ է իրականացվում:

Երկուստեք կարևորվել է մաքսային ոլորտում առկա սերտ համագործակցությունը, որի արդյունավետությունն ակնհայտ է: Գևորգ Կոստանյանը նշել է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը, միջպետական համագործակցության առումով, հանցավորության դեմ պայքարում  ՀՀ հուսալի գործընկերն է:

Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են նոր՝ առավել հստակ համագործակցության հնարավորություն ընձեռող հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Բադաշվիլիին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար և իր վրաց գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է  Հայաստան:

ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիից մեկնելու է Աստանա, որտեղ կմասնակցի  օգոստոսի 27-ին կայանալիք «ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի» հերթական նիստին: Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի մի շարք երկկողմ հանդիպումներ: