09:40 , 26 օգոստոս, 2015
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պլանավորված պատարագը չեղյալ է հայտարարվել, որն ամեն տարի անցկացվում է սեպտեմբերի երկրորդ կիրակի։
Դրա հետ կապված՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ պատարագը չեղյալ է հայտարարվել անվտանգության նկատառումներով։ Նա ընդգծել է, որ Թուրքիայում վերսկսված բախումները մեծապես ազդել են նաև իրենց վրա։
Աթեշյանի խոսքով՝ այդ բախումների պատճառով չեղյալ է հայտարարվել ոչ միայն Սուրբ Խաչ եկեղեցում պլանավորված պատարագը, այլև զբոսաշրջային բազմաթիվ տուրեր։ Աթեշյանը հիշեցրել է, որ վերջերս ռմբային հարձակում է իրականացվել Վանի նահանգի Գևաշ շրջանում, և ուշադրություն հրավիրել, որ Աղթամար կղզին նույնպես մտնում է այդ շրջանի մեջ։
Աթեշյանը հայտարարել է, որ իրենք, մտահոգվելով պատարագի ու նրա մասնակիցների անվտանգության համար, գրավոր ձևով իշխանություններին իրազեկել են պատարագը չեղյալ հայտարարելու իրենց որոշման մասին. «Դա թե՛ Վանի, թե՛ Թուրքիայի համար զբոսաշրջության տեսանկյունից կորուստ է»։