Հալեպը ցնցվել է երկրաշարժի նմանվող պայթյունից


03:18 , 26 օգոստոս, 2015

Lurer.com–ը գրում է.

Հալեպ քաղաքն օգոստոսի 24-ի հետմիջօրեին ցնցվել է երկրաշարժի նման ստորգետնյա պայթյունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ պայթյունը որոտացել է Ջամիա Զահրա թաղամասում: Թաղամասում գրեթե բնակիչներ չկան: Այն քաղաքի ծայրամասային շրջան է, և մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմը ծաղկող շրջան էր համարվում: Պայթյունից հետո բախումներ են սկսվել բանակի և զինված խմբավորումների միջև: Ռազմական գործողություններին մասնակցել է նաև սիրիական օդուժը:

Բացի դրանից, աղբյուրը նաև տեղեկացրեց, որ Հալեպում որոշ թաղամասեր են հրթիռակոծվել, այդ թվում` Մոկամպո թաղամասը, որտեղ զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Հրթիռակոծված թաղամասերը հեռու են հայկական թաղամասերից, որտեղ միայն ռմբակոծման ձայներ են լսվել:

Աղբյուրը նաև նշեց, որ հայկական թաղամասերում միջադեպեր տեղի չեն ունեցել, ջուրն ու էլեկտրականությունը, թեպետ ընդհատումներով, սակայն լինում են:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ: