Քաղուժերից որոնք կմասնակցեն Սահմանադրության նախագծի քննարկմանը. առայժմ հստակ որոշում ունեն ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն


23:46 , 25 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրության նախագծի քննարկմանը մասնակցելու որոշում դեռևս հստակ ունեն ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: ՀԱԿ-ը միանշանակ չի գնա հանդիպմանը, իսկ ՀՅԴ-ն կգնա՝ նոր առաջարկներով:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ երեկ իրեն է զանգահարել Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանի անունից փոխանցել առաջարկություն։

«Նա ասաց, որ չորեքշաբթի օրը, երբ որ ինքը սկսելու է կոնսուլտացիաների շարքը, սկսել այդ շարքը հենց «Հայ ազգային կոնգրեսով»: Պատասխանել ենք, որ մենք շատ լավ հասկանում ենք գործընթացի նպատակը, դրա մասին հրապարակայնորեն ասում ենք, որ նպատակը համարում ենք անընդունելի և չենք կարծում, որ որևէ խոսակցությամբ հնարավոր է հասնել այդ նպատակի փոփոխման մտադրության»,-ասաց նա:  

«Ժառանգությունը»-ը հարցը չի քննարկել: Ռուբեն Հակոբյանը նշեց, թե չի  կարող այդ հարցին պատասխանել. «Դա պետք է վարչությունը որոշի, կուսակցության ղեկավարին այդ հարցը կուղղեք»:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Tert.am-ին ասաց, որ  նախ նման հրավեր չեն ստացել և երկրորդ՝ իրենց առաջարկությունների պատասխանից է կախված:

«Մեր առաջարկները կարծես արդեն իսկ քննարկվում են, այնպես որ հանդիպումը կախված նրանից, թե ինչքանով մեր առաջարկությունները հաշվի կառնվեն,  կմասնակցենք հանդիպմանը: Եթե ոչ՝ իմաստ չենք տեսնում»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցությունն էլ որոշում չունի դեռևս: Երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել էր, թե դեռևս սպասում են Նախագահի հրավերին: