Այն, ինչ մենք ասում ենք, դուք, փաստորեն, փաստում եք. Դ. Բաբայանը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ պատգամավորի զեկույցի մասին


21:39 , 25 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Ադրբեջան այցելած եվրոպացի պաշտոնյան իր բերանով ասել է այն, ինչ մշտապես ասում է Լեռնային Ղարաբաղը: ԼՂ Նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն այս բառախաղով հակադարձում է ԵԽԽՎ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչին, ով «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» վերնագրով զեկույց է նախապատրաստում:

«Մենք էլ ենք այդ կարծիքի (հեգնում է Մարկովիչին), և ավելին`այն, ինչ մենք ասում ենք, դուք, փաստորեն, փաստում եք: Որ մեզ համար ջրային անվտանգության խնդիրն ազգային անվտանգության հարց է, բայց եթե մեզ համար սա գոյության հարց է, Ադրբեջանի համար` ամբիցիաների»,-ասաց Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի բողոքներին, թե սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից:

Նշեն, որ ըստ «Ազատության»` Էլմար Մամեդյարովն ընդունելով Մարկովիչին, բողոքել է, թե սահմանամերձ գոտու ադրբեջանական բնակչությունը զրկված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունից:

Իսկ «մենք էլ» ասելով` Դ. Բաբայանը նկատի ունի այն, որ օբյեկտիվության պակասը բերում է նրան, որ Մարկովիչը լիարժեքորեն չի տիրապետում տեղեկատվությանը. այն է, որ պաշտոնական Ստեփանակերտը մի քանի անգամ Ադրբեջանին առաջարկել է մի շարք ապրանքների դիմաց ջրային պաշարների համատեղ կիրառումը, սակայն Բաքուն միշտ տապալել է առաջարկները:

Դավիթ Բաբայանը չէր ցանկանում բացել փակագծերը, բայց անձամբ ներկա է եղել, թե ինչպես պաշտոնական երկկողմ հանդիպմանը ադրբեջանական կողմն այս հարցի առնչությամբ ասել էր, թե «ինչքա՞ն ապրանք պետք է հարակից մարզերի ադրբեջանցիները արտադրեն որ»:

«Սա ասել է Ադրբեջանի ներկա վարչակարգը, որը հիմա կա, և նրանք մտածում են ոչ թե ժողովրդին մասին, որովհետև այդ շրջանները կարող են ջուր ստանալ նաև Քուռ գետից: Այնպես չէ, որ նրանց լիովին զրկված են և միայն Թարթառի հույսին է»,-ասում է Դավիթ Բաբայանը ու նշում, որ սխալվում են ադրբեջանցիները, քանի որ եթե առանց որևէ ապրանքի կարելի է ապրել, ապա ոչ առանց ջրի։

Անդրադառնալով զեկույցի վերնագրին՝ խոսնակը նշեց, որ անկախ վերնագրից (Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին), Մարկովիչը իր հնչեցրած կարծիքներով ու դիրքորոշմամբ` անաչառ չէ:

«Սա շատ տարօրինակ է, ավելին` վտանգավոր է, առաջին հերթին Մարկովիչի ներկայացրած կազմակերպության հեղինակության համար, որովհետև եթե մի պետություն խախտում է մարդու իրավունքները, ստեղծել է նացիստական վարչակարգ ու այս մասին արձագանք չկա, բայց նա գալիս ու ադրբեջանամետ  հայտարարություններ է անում, դա վնասում է հենց ԵԽԽՎ-ի հեղինակությանը»,-ամփոփեց նա։