ԼՂՀ-ում վերջին տասնօրյակում նկատվում է սուր աղիքային վարակի սեզոնային աճ


19:17 , 25 օգոստոս, 2015

Картинки по запросу լղհՍուր աղիքային վարակի դեմ պայքարի շրջանակներում ԼՂՀ առողջապահության նախարարությունը կոչով դիմել է հանրապետության բնակչությանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում վերջին տասնօրյակում նկատվում է սուր աղիքային վարակի սեզոնային աճ:

ԼՂՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ` Ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արևիկ» մանկական բուժմիավորումում ներկայումս սուր աղիքային վարակի դեմ ստացիոնար բուժում են ստանում հիվանդներ Ստեփանակերտից և հանրապետության շրջաններից: Հիվանդները հիմնականում երեխաներ են, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են համապատասխան դեղորայքով և բժշկական պարագաներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավիճակը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, ինչպես նաև համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետների կողմից սուր աղիքային ինֆեկցիայի օջախներում կատարվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ:
Վարակի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 24-ին Երևանից Արցախ են ժամանել մի խումբ վարակաբաններ՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի գլխավորությամբ: Արցախում են նաև ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը և համանուն կենտրոնի ռեֆերենս լաբորատորիա մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Կարապետյանը:
Մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, տրվել են համապատասխան խորհրդատվություններ՝ բուժման ձևերի վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը դիմում է հանրապետության բնակչությանը՝ սուր աղիքային վարակներից խուսափելու նպատակով հետևել այս պահանջներին՝
• Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով
• Սննդամթերքը պահել փակ տարրաներում՝ աղտոտումից խուսափելու համար
• Շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում
• Ձեռքերը լվանալ հաճախակի
• Խուսափել սննդամթերքից, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում
• Խմելու ջրի համի և գույնի փոփոխություն և նստվածք նկատելու դեպքում անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին
• Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի
• Չզբաղվել ինքնաբուժմամբ։