Կայուն մեծամասնություն ձևավորելու համար ընտրվել է լուծում, որն իշխանափոխության համար լավ դուռ է բացում. Ա. Ռուստամյան


18:52 , 25 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր մասնակցելով Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քաղաքական և հասարակական ուժերի հանդիպմանը՝ եզրակացրել է, որ բացարձակապես տեքստի հետ կապ չունեցող հայտարարություններ էին արվում: «Ընդդիմության  դերի հետ կապված իսկապես լուրջ տեղաշարժ գոյություն ունի»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե հնչած մտահոգություններից առավել շատը վերաբերում էր 89-րդ հոդվածին, որը վերաբերում է կայուն մեծամասնություն ձևավորմանը, Ռուստամյանը պատասխանեց, որ ընտրվել է այնպիսի լուծում, որն իշխանափոխության համար լավ դուռ է բացում:

«Այո՛, խնդիրը կայուն մեծամասնություն ձևավորելու հասկացության մեջ է, դա տեղի է ունեցել՝ վերլուծելով ընդհանրապես խորհրդարանական համակարգերի հետևանքները, որ գործել է տարբեր երկրներում: Իսկապես խորհրդարանական տարբեր երկրներում գոյություն ունի մի վիճակ, որ կարող է մեծամասնություն չձևավորվել՝ նկատի ունենալով ՀՀ-ի այս վիճակը, որ պատերազմական վիճակում է»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ պերմանենտ ընտրությունների փուլն իրենք բացառել են, որ տեղի չունենա: «Որովհետև եթե չկա մեծամասնություն՝ լուծումն այն է, որ նոր ընտրություն տեղի ունենա, բայց նորից ընտրությունը կարող է չբերել մեծամասնության և այդպես շարունակ: Իտալիայի փորձն ուներ, 50 տարում 60 կառավարություն է ձևավորել»,- ասաց նա: 

Մյուս խնդիրը, ըստ նրա, այն է, որ կառավարությունը կարող է ձևավորվել, բայց ձևավորել փոքրամասնության կառավարություն: «Այդպիսի երկրներ էլ կան, դա էլ փխրուն է, որովհետև անվստահություն կարող է առաջացնել:

Մյուս անկայունության վիճակն այն է, երբ կոալիցիան բազմանդամ է լինում: «Այդտեղ և՛ քննարկումները, և՛ տարաձայնություններն են շատ, դա էլ բերում են փլուզման կառավարությունների»,– ասաց նա:

Ռուստամյանը նշեց, թե որպեսզի այս վիճակը չլինի Հայաստանում, կայուն մեծամասնություն հասկացությունն է ներմուծվել, ինչը, իհարկե, բացատրության կարիք ունի: 

«Թյուր տպավորություն է, թե իբր դա մեկ կուսակցության մեծամասնության մասին է խոսքը: Դա այդպես չէ և նոր փոփոխությունը, որ կատարվեց դրա վրա, հստակ ասում է, որ ԱԺ–ն Ընտրական օրենսգրքի միջոցով պետք է հստակ ձևավորվի մեծամասնություն: Եթե դա տեղի չի ունենում, նոր կկատարվի երկրորդ փուլ, որտեղ պետք է մասնակցեն նոր դաշինքներով, առաջին և երկրորդ տեղերը գրավված ուժերը: Սա հնարավորություն է տալիս նաև ընդդիմությանը, որ եթե չի հաջողվել առաջին փուլում միավորվել՝ միավորվել մեկ թեկնածուի  շուրջ և գնալ իշխանափոխության: Սա ընդհակառակը իշխանափոխության համար լավ դուռ է բացում: Ես զարմանում եմ ընդդիմադիր գործիչների վրա, որ սա էլ չեն տեսնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանություններն են միշտ խուսափել երկրորդ փուլից, քանի որ իրենք միշտ խնդիր են ունեցել երկրորդ փուլի հետ կապված։