Այս լայֆհաքերն արդեն 100 տարեկան են, սակայն գործածելի են նույնիսկ մեր օրերում


20:30 , 25 օգոստոս, 2015

1880-ականների վերջին ծխախոտ արտադրողները սկսեցին թղթե տուփերի մեջ քարտերի տեսքով ներդիրներ դնել, որպեսզի տուփերը ձիգ մնան։

Շուտով նրանց գլխում նոր միտք ծագեց։ Նրանք որոշեցին ներդիրների վրա հայտնի մարդկանց, գեղեցիկ աղջիկների ու այլ տեսակ պատկերներ անել։ Բոլոր այս քարտերը բաժանվում էին ամբողջական շարքի, որոնք կարելի էր հավաքել։ Ծխախոտի քարտերը գործածվում էին 1940-ականներին և այսօր մի ամբողջ կարողություն արժեն։ Դրանցից ամենաթանկը բեյսբոլիստ Հոնուս Վագների դիմանկարով քարտն էր, որը 2007թ․-ին վաճառվել է 2,8 միլիոն դոլարով։

1910թ․-ին «Gallaher» և «Ogden՝s Branch» ընկերությունները «Ինչպես է դա արվում» խորագրով քարտերի շարք թողարկեցին, որոնք իրենցից հուշումներ էին ներկայացնում այն մասին, թե ինչպես լուծել առօրյա կյանքում առաջացած խնդիրները։ Ձեզ ենք ներկայացնում այդ քարտերից 10-ը, որոնք մինչ այսօր կարող են օգտակար լինել։

 1  Ժամացույցի սլաքները կողմնացույցի փոխարեն

Ժամացույցը պահեք այնպես, որ դրա փոքր սլաքը նայի արևին։ 12 թվի և փոքր սլաքի միջև տարածության վրա՝ կենտրոնում, բարակ մետաղալար կամ ձող տեղադրեք ուղղահայաց։ Ձողի այն ծայրը, որը գտնվում է 12-ի ու կարճ սլաքի միջև, ցույց կտա հարավը։

 2  Ինչպես գտնել գազի արտահոսքը

Սա գազի արտահոսքը ստուգելու անվտանգ ու ապահով միջոց է։ Կոնցենտրացված օճառի մի փոքր լուծույթ քսեք խողովակի այն հատվածին, որտեղ կասկածում եք, որ արտահոսք կա։ Արտահոսքի տեղում պղպջակներ կառաջանան. այժմ կարող եք համապատասխան միջոցներ ձեռնարկել։

 3  Ինչպես հանել երկար մեխերը

Երբեմն դժվար է փայտից դուրս հանել մեխված մեխը՝ հենակների բացակայության պատճառով (պատկեր՝ A) ։ Այս դեպքում անհրաժետ է պարզապես փայտի կտոր կամ աղյուս դնել այնպես, որ մեխը հանելիս այն ծառայի որպես հենակ (պատկեր՝ B)։

 4  Ինչպես ճիշտ չափի խցան ստանալ

Սովորաբար երբ խցանը հանում ես շշից, այն դժվարանում ես կրկին տեղադրել տեղում։ Այսպիսի դեպքերում պետք չէ խցանը կտրել դանակով՝ դրա չափերը հարմարեցնելու համար։ Ավելի լավ է օգտագործել պատկերում ցուցադրված միջոցը։ Անհրաժեշտ է խցանը փաթաթել անձեռոցիկի կամ պոլիէթիլենի մեջ ու ոտքով այն թեթևակի գլորել՝ առանց սեղմելու։ Այսպես դուք խցանն առանց վնասելու կդարձնեք անհրաժեշտ չափի։

 5  Ինչպես կանխել թանկարժեք ծաղկամանի ջարդվելը

Որպեսզի պատահականորեն ծաղկամանը վայր չգցես ու ջարդես, այն կիսով չափ լցրու ավազով։ Այս մեթոդն առավել արդյունավետ է այն անոթների համար, որոնց ներքևի հատվածը վերևի հատվածից ավելի թեթև է, ինչի պատճառով պատահականորեն անփութորեն այն վայր գցելն ավելի հեշտ է։

 6  Ինչպես ճիշտ կտրել թարմ թխած հացը

Դանակն իջեցրեք տաք ջրի մեջ ու թողեք, որ այն տաքանա։ Այնուհետև դանակը չորացրեք ու միանգամից կտրեք հացը։ Տաք դանակով շատ հեշտ է բարակ շերտերով հաց կտրել։

 7  Ինչպես վրձնի բռնակը մաքուր պահել ներկելիս

Ներկման աշխատանքների ժամանակ հեշտ է վրձնի բռնակը ներկոտելը, իսկ ներկոտ կպչուն վրձինով աշխատելը բավականին անհարմար ու տհաճ է։ Վերցրեք ստվարաթղթի կտոր և կտրեք համապատասխան չափով՝ այնուհետև այն անցկացնելով պոչի հատվածից։ Սա թույլ չի տա, որ ձեռքերը ներկոտվեն, և դուք կարող եք առանց ավելորդ անհանգստության շարունակել աշխատանքը։

 8  Ինչպես էլիպս նկարել թելի միջոցով

Որոշեք էլիպսի չափը՝ դրա փոքր տրամագիծը (էլիպսի լայնությունը) մեծ տրամագծի (էլիպսի երկարությունը) ծայրերից չափելով։ Երկու ամրակներ տեղադրեք այն հարթության վրա, որտեղ ցանկանում եք էլիպս նկարել, իսկ դրանց շուրջ անցկացրեք թելը, ինչպես պատկերված է նկարում, թելի ծայրերը կապեք։ Այնուհետև մատիտի միջոցով նկարեք անհրաժեշտ չափի էլիպսը։

 9  Ինչպես առանձնացնել խրված բաժակները

Հաճախ լվանալուց հետո միմյանց մեջ տեղադրված բաժակները դժվար են առանձնանում, և անզգույշ վարվելու դեպքում կարող ես նույնիսկ կոտրել դրանք։ Դրանք հեշտությամբ առանձնացնելու համար վերևի բաժակի մեջ սառը ջուր լցրեք, իսկ ներքևինն իջեցրեք տաք ջրի մեջ։ Սառը ջուրը կսեղմի ապակին, իսկ տաքը կլայնացնի, ինչի շնորհիվ վերին բաժակը հնարավոր կլինի հեշտությամբ հանել ներքևի բաժակից։

 10  Ինչպես եփել ճաքած ձուն

Որպեսզի եփելու ժամանակ ճաքած ձվից դուրս չգա դրա պարունակությունը, անհրաժեշտ է ջրի մեջ մի փոքր քացախ ավելացնել։

Իհարկե, մեր օրերում մեզ անհրաժեշտ չի լինի ձվաձև պատկեր նկարել թելի օգնությամբ, իսկ կողմացույց կա գրեթե բոլոր սմարթֆոնների մեջ, սակայն կյանքում պատահում են իրավիճակներ, երբ ձեռքի տակ չկան հատուկ հարմարանքներ կամ գործիքներ։ Այդ ժամանակ այս խորհուրդները կարող են օգտակար լինել։