Սասունում հրկիզված հայկական եկեղեցու ու գերեզմանատան հարցը հասել է Թուրքիայի խորհրդարան


13:32 , 25 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ «Ազգերի դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Ալի Աթալանը երկրի խորհրդարանի օրակարգ է բերել Սասունի Մեշելի գյուղում գտնվող հայկական վանքում և դրա շրջակայքում բռնկված հրդեհի թեման։

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» թերթի կայքը, Մեշելի (Գոմք) գյուղում գտնվող Սուրբ Պետրոս հայկական վանքում ու դրա հարակից գերեզմանատանն օգոստոսի 15-ին հրդեհ էր բռնկվել։ Հրդեհից վնասվել էին հարակից գերեզմաններն ու հայ հոգևորականների ոսկորները։

Աթալանը ՆԳ նախարար Սեբահաթթին Օզթյուրքին գրավոր հարցապնդում է ներկայացրել՝ խոսելով հրդեհի վերաբերյալ քննության մասին։

«Հարձակման հետևանքով վնասված Սուրբ Պետրոս հայկական վանքն ու հարակից գերեզմանները նախկին տեսքին վերադարձնելու համար որևէ քայլ ձեռնարկվելո՞ւ է։ Եվ եթե ձեռնարկվելու է, ապա ե՞րբ»,- հարցրել է պատգամավորը։

Նա նաև հարցրել է, թե հարձակումն ու հրկիզումն իրականացնողների հանդեպ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։

«Թուրքիայի հայերին պատկանող վանքին ու գերեզմանատանն ուղղված հարձակման հարցում  ռասիստական դրդապատճառներ չե՞ք տեսնում»,- գրել է պատգամավորը։

Նա նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ 2015 թվականին Թուրքիայում դեռ կան վայրեր, որոնք ճանապարհներ չունեն, և այդ պատճառով էլ հրշեջները չեն կարողանում մոտենալ դրանց։ «Այդ անպատասխանատվությունից բխող նյութական ու բարոյական վնասն ո՞վ է փոխհատուցելու»,-ասել է Ալաթանը։