Ի պաշտպանություն ազգային լեզուների


12:22 , 25 օգոստոս, 2015

Իր նախավերջին նիստում` ս.թ. օգոստոսի 13-ին, ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ չորրորդ զեկույցը՝ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:
Մեր երկիրը նշված խարտիան վավերացրել է 2002թ. դեկտեմբերի 28-ին. այն ուժի մեջ էր մտել ավելի վաղ` նույն տարվա մայիսի 1-ից:
Հայաստանը, վավերացնելով եվրոպական խարտիան, հանձն է առել մշակել ազգային փոքրամասնությունների լեզուների (ռուսերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն, ասորերեն) պաշտպանության և զարգացման քաղաքականություն և սահմանել գործողությունների ծրագիր: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված է ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթը` ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերը և դրանց առնչվող զեկույցները, ՀՀ օրենսդրությունը` հայերեն և ռուսերեն, ԵԽ փորձագետների կոմիտեի կարծիքները և դրանց վերաբերող մեկնաբանությունները:

2011թ. իրականացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների թիվը եղել է բնակչության 1,9 տոկոսը` 57 հազար 53 մարդ: Նրանց մեծամասնությունը եզդի է` 40 հազար 620 մարդ կամ երկրի ոչ հայազգի բնակչության մոտ 62 տոկոսը:
2012 թվականից սկսած՝ ազգային փոքրամասնությունների կրթամշակութային ծրագրերին աջակցելու նպատակով ՀՀ պետբյուջեից ամեն տարի հատկացվում է 20 մլն դրամ: ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցություն է ցուցաբերում ազգային 11 փոքրամասնության լեզուներով լույս տեսնող 13 մամուլի միջոցի և 4 ամսագրի հրատարակմանը:

Վերջին 10 տարում հրատարակվել են պատմվածքի 6 ժողովածու` քրդերեն, «Եզդի քրդերի հավատալիքները», «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին», «Հայաստանի եզդի գրողների ստեղծագործությունների ժողովածու» գրքերը` եզդիերեն: Հրեական համայնքը հրատարակել է «Հրեաները Հայաստանում» գիրքը, գերմանական համայնքը` «Ռուսաստանի և Անդրկովկասի պատմության գերմանական էջերը», ասորական համայնքը` «Դասական ասորերեն» առաջին հայալեզու դասագիրքը, «Արամեագիտության և ասորագիտության ներածություն» աշխատությունը և շատ այլ գրքեր:

Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվում է նոր ծրագիր` «ՀՀ ազգային փոքրամասնությունների հուշարձանների այցելության կազմակերպում և տեսաֆիլմի ստեղծում»:
Ազգային փոքրամասնությունների լեզուների մեծ մասն այս կամ այն ձևով ու չափով դասավանդվում է տարբեր մակարդակի կրթական հաստատություններում:
2011-2012 ուսումնական տարվանից սկսած՝ առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար պահուստային տեղերից հատկացվել են անվճար ուսուցման տեղեր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի պետհամալսարանում:

Վերը նշվածը փոքր մասն է այն բոլոր միջոցառումների, որոնք Հայաստանում իրականացվում են ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության և զարգացման ուղղությամբ: Ամբողջ զեկույցը թարգմանվելու է անգլերեն և հանձնվելու է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որն այն սահմանված կարգով կփոխանցի եվրոպական պատկան մարմին: