09:10 , 25 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Հայ–ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանին հարևան երկրի ամեն մի գործողությունից հետո հայ հասարակությունն ու փորձագետները համոզվում են նրանում, որ հայկական զինուժի մարտունակության վիճակը բարձր է, և բանակը պատրաստ է հակադարձել հակառակորդի ցանկացած քայլի: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
«Ամեն մի պրովոկացիայի մենք պետք է տանք պատասխան, բայց ոչ ադեկվատ»,-ասաց նա՝ ի պատասխան հարցի, թե ինչը կարող է Ադրբեջանին ստիպել դադարեցնել իր իսկ ստեղծած լարվածությունը սահմանին ու կարծիք հայտնեց, որ հայկական զինուժը հենց այդպես էլ անում է: «Կարծում եմ՝ ճիշտ ուղի է բռնել նախարարությունը և դա ազդում է ադրբեջանական կողմի վրա»,– հավելեց նա:
Հիշեցնենք, որ է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հանգստյան օրերին եղել է շփման գծում ադրբեջանական կողմի մեծ ակտիվություն, որը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում էլ, ըստ ԼՂՀ ՊՆ հավաստի աղբյուրների, հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:
Այս լարվածությունը, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի, ոչ երեկ է առաջացել, ոչ՝ երեկ չէ առաջին օրը, այլ վաղուց, ու Ադրբեջանը դա օր օրի ավելացնում է՝ հետապնդելով մեն-միակ նպատակ: Այն է՝ դրանով գրավել միջազգային հանրության ուշադրությունը և պահանջել նրանցից քայլեր՝ ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման համար: «Բնականաբար, հօգուտ Ադրբեջանի»,- ասաց Վահան Շիրխանանը:
Նա, սակայն, գտնում է, որ այսքանով հարևան երկիրը սահմանափակվում է, այսինքն՝ ավելի մեծ կոնֆլիկտի գնալու պատրաստ չէ և չի գնա:
Հարցին, թե կհաջողվի Ադրբեջանին իրագործել իր նպատակը, և ինչ կարող է դա նրանց տալ: Ի պատասխան՝ Վահան Շիրխանյանն ասաց, որ մենք չպետք է մտածենք Ադրբեջանի փոխարեն, մենք պետք է մտածենք մեր երկրի անվտանգության աստիճանի բարձրացման , երկրի ներսում համախմբման և ներքին խնդիրների լուծման մասին:
«Համախմբվենք ողջ հայությունով, գործի դնենք մեր հնարավորությունները՝ միջազգային հանրությանը ներկայացնելու համար ղարաբաղյան հակամարտության իրական պատկերն ու պատճառը և հետամուտ լինենք խնդրի հայամետ, հայաստանանպաստ լուծմանը»,- ասաց Վահան Շիրխանյանն ու ավելացրեց.«Բայց դրա համար բանակին պետք է թիկունք կանգնի ողջ հայությունը»:
Ըստ նրա՝ Հայաստանն ունի նման ռեսուրսներ, որոնք դեռևս չեն օգտագործվում: Դրանք , առաջին հերթին հայության, երկրորդ՝ բարեկամ երկրների, և երրորդ՝ «խաղաղությանն ու արդարությանը նվիրված միջազգային ուժերն» են:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա ըստ Վահան Շիրխանյանի՝ առայժմ պետք է շարունակենք աշխատանքը Մինսկի խմբի հետ, «քանի դեռ նրանք կարողանում են ինչ-որ մի աստիճանով տիրապետել իրավիճակին»: