Թե ինչու Ստալինը սկսեց ատել վրացիներին. «Կոմերսանտի» բացահայտումները


00:21 , 25 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

«Կոմերսանտը» իր վերաթողարկված անդրադարձում բացահայտումներ է ներկայացրել ծնունդով Վրաստանից խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի և վրացիների հետ նրա հարաբերությունների մասին:

Ըստ աղբյուրի` իշխանության գալուց ի վեր Ստալինը միշտ էլ ընդգծված ձևով «լավ է նայել» Թբիլիսիին ու Վրաստանին, իսկ խորհրդային իշխանական համակարգում նպաստել է վրաց պաշտոնյաների առաջընթացին:

Սակայն որոշակի զարգացումից հետո նրա վերաբերմունքը վրացիների նկատմամբ կտրուկ փոխվել է, չնայած Վրաստանը շարունակել է վայելել առաջնորդի սերը:

Նկարագրվում է, որ փոշոտ ու նույնիսկ առանց նորմալ ջրատարի Թիֆլիսը եվրոպական ստանդարտներով քաղաք է դարձել Ստալինի ջանքերով. այնտեղ ջուր ու շատրվաններ, էլեկտրական լուսավորություն ու այն ժամանակների համար բացառիկ ասֆալտ է հայտնվել: Իսկ նման վերափոխման համար հսկայական միջոցներ են տրամադրվել:

Վրաց պաշտոնյաների հարցում Ստալինի վերաբերմունքի փոփոխության պատճառը եղել է վրացի Կիրիլ Կակաբաձեն: Տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ զբաղեցրած այս գործիչը 1934-ին հրաժարվել է արտասահմանից ԽՍՀՄ վերադառնալ և մամուլին է տրամադրել Ստալինի մասին իր իմացած գաղտնի տվյալները:

Բրիտանական «Սանդի Էքսպրեսը» ի մի է բերել դրանք` պատմելով, որ Զուբալովկայի իր կալվածքում Ստալինը օրգիաներ է կազմակերպել, նույնը արել է Վրաստանում «Կրասնիե Գորկիում»:

Կակաբաձեն լրատվամիջոցին պատմել է նաև, թե Ստալինի մեքենան տեղաշարժվում է հանգցված լույսերով, իսկ առջևից ու հետևից գնում են հսկայական լույսերով թիկնապահ-մեքենաներ: Նշում է, թե Ստալինի ճոխ կյանքը տարեկան 300 հազար ֆունտ է արժենում և օրական 1000 կյանք:

Իսկ Ստալինը նկարագրվում է որպես «կապիկի փոքր աչքերով մարդ»:

1934-ի ապրիլին նա հրահանգել է Մոսկայում ձերբակալել «քեֆչի ու խուլիգան վրացիների» մեծ խմբի: Դրանից հետո Ստալինը պաշտոններից հեռացրել է տարբեր վրաց գործիչների: Աղբյուրի պնդմամբ` Ստալինը իր «կարմիր տեռորը» ամենադաժան ձևով դրսևորել է Վրաստանում ու վրացիների դեմ: Ավելին, նա 2-րդ ալիք է նախատեսել 1950-ականներին, որը չի իրականացվել միայն հենց Ստալինի մահանալու շնորհիվ:

Վրացիների նկատմամբ Ստալինի հակակրանքը, ըստ աղբյուրի, հասել է այն աստիճանի, որ նրա անձնական թիկնապահները եղել են չեչեն ու բելառուս, այլ ոչ վրացի:

Ի դեպ, նույն արտասահմանյան ԶԼՄ-ները հետաքրքիր մոտեցումներ են վերհանել այն ժամանակի վրացիների կողմից` Ստալինի հանդեպ. այսպես 1931-ին ամերիկյան մամուլը արձանագրել է, որ Ստալինի, որին վրացիները Սոսո Ջուղաշվիլի էին ասում, Վրաստանում անվանում էին «Մեծն ցար Սոսո»: Ու նաև կատակում, թե նախկինում վրացի բոլոր թագավորները Վրաստանը միակցել են Ռուսաստանին, և միայն Ստալինն է Ռուսաստանը միացրել Վրաստանին: