Մենք պարտավոր ենք մեր ազգային արժեքները պահել և փոխանցել գալիք սերունդներին. Արսեն Գրիգորյանը` «Գութան» Հայաստանի ազգագրական երգի և պարի փառատոնի մասին


17:45 , 24 օգոստոս, 2015

Մենք պարտավոր ենք մեր ազգային արժեքները պահել և փոխանցել գալիք սերունդներին. Արսեն Գրիգորյանը` «Գութան»  Հայաստանի ազգագրական երգի և պարի փառատոնի մասինLife.panorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 25-ին Երեւանի Կասկադ համալիրում ազգագրական երգիչ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի, նախաձեռնությամբ տեղի կունենա արդեն ամենամյա «Գութան»  Հայաստանի ազգագրական երգի եւ պարի փառատոնը: Life.panorama.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը նշեց, որ շատ է կարեւորում այս փառատոնը մեր ազգային արժեքները պահպանելու հարցում.

«Իմ նախաձեռնությամբ, իմ երկար տարիների ցանկությամբ Փառք Աստծո անցյալ տարի սեպտեմբերի 30-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ «Գութան»  Հայաստանի ազգագրական երգի եւ պարի փառատոնը: Փառատոնն  ամենամյա է,  այս տարի այն կիրականացնենք սեպտեմբերի 25-ին: «Գութան»-ն ունի կարեւոր նպատակ՝ պահել, պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր ազգագրական  երգն ու պարը, այն մշակույթը, որը պահում է մեր տեսակը: Այսօր մենք պարտավոր ենք մեր ազգային արժեքները պահելու եւ փոխանցելու գալիք սերունդներին, մենք նպատակ ունենք այս փառատոնով համախմբել բոլոր ազգագրական խմբերը մեկ տեղում, ուզում ենք այս փառատոնում ներգրավել նաեւ դեռեւս նոր կայացող խմբերին ու միասին ազգագարկան երգի եւ պարի տոն պարգեւել մեր ժողովրդին, ինչու ոչ նաեւ զբոսաշրջիկներին»,-նկատեց փառատոնի հիմնադիրը:

Ի դեպ երգչը հատկապես շեշտեց, որ այս փառատոնը հատուկ նպատակով է իրականացվում բացօթյա տարածքում, որպեսզի քաղաքացիները զերծ մնան տոմսերի հետ կապված գումարային խնդիրներից. ««Գութան» ազգագրական երգի եւ պարի փառատոնը տեղի է ունենում Կասկադ համալիրում, ինչի համար շատ շնորհակալ ենք Գաֆեսճյան արվեստի կենտոնին, որոնց թույլտվությամբ ենք կարողանում հենց այդ տարածքում իրականացենել մեր փառատոնը: Բացօթյա տարածքում ներկայանալը ունի նպատակ, մենք չենք ուզում, որ ազգային երգն ու պարը վայելելու համար ժողովուրդը մտածի տոմսերի համար գումար ծախսելու մասին: Սա մեզ համար լավագույն բեմն է: Պետք է նկատեմ, որ փառատոնը իրականացնելու հարցում մեզ աջակցում են Մշակությի նախարարությունը եւ Երեւանի քաղաքպետարանը, իր մեծ օգնությունն է ցուցաբերում «Օվացիա» պրոդյուսերական ընկերությունը, ինչպես անցյալ տարի, այնպես եւ այս տարի կօգտագործվեն լուսային եւ ձայնային ամենաբարձր տեխնիկական սարքավորումները»,- նշեց նա:

Փառատոնը կմիավորի նաեւ մարզերում գործող ազգագրական երգի եւ պարի խմբերին. «Դեռ անցյալ տարի մենք տարբեր մարզերից մի քանի խմբերի հրավիրեցինք, ովքեր մեծ սիրով իրենց մասնակցությունը ունեցան: Օրինակ Արցախից մեզ միացան եւ այս տարի էլ կմիանան «Մենք ենք, մեր սարերը» խումբը, Մարտունիից կլինեն «Մշո հավքեր» մեծահասակների խումբը, որի անդամները ամենաքիչը 70 տարեկան են: Անցյալ տարի մենք ինքներս հրավիրեցինք խմբերին, իսկ այս տարի բացի մեր հրավերներից, որոշ խմբեր անձամբ դիմեցին մեզ, որպեսզի իրենք եւս մասնակցեն, օրինակ այս տարի մեզ կմիանա նաեւ «Մասունք»  խումբը: Չեմ ուզում շատ մանրամասնել՝ անակնկալ թողնելով փառատոնի մնացյալ ծրագրերը»,- պատմեց Արսեն Գրիգորյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ