Ադրբեջանի Մինգեչաուր քաղաք զինվորական ստորաբաժանումներ են մտել


23:14 , 22 օգոստոս, 2015

adrbejAraratnews.am-ը գրում է.

Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում երեկվանից բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել, ինչը ճնշելու համար ադրբեջանական իշխանությունները ներքին զորքեր են մտցրել քաղաք:

Ինչպես հաղորդում է report.az լրատվական կայքը, ցույցին մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մեծ թվով ցուցարարների:

Մինգեչաուրի բնակիչները բողոքում են այն բանի համար, որ քաղաքի ոստիկանական բաժանմունքում երկու օր առաջ դաժանաբար ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացել է 27-ամյա Բահրուզ Հաջիեւը:

Երիտասարդի հուղարկավորությունից հետո հարյուրավոր մարդիկ շարժվել են դեպի ոստիկանական բաժանմունք, որտեղ տեղի է ունեցել Բահրուզ Հաջիեւի սպանությունը: Զոհվածի հարազատները քաղաքի դիարանի առաջ ծեծի են ենթարկել քաղաքային դատախազության դատախազ Ռաշադ Օրուջեւին, որին մեղադրել են երիտասարդի սպանությունը կոծկելու մեջ:

Քաղաքում ոստիկանության հետ բախումներ սկսվելուց հետո իշխանությունները ներքին զորքեր են մտցրել Մինգեչաուր, որոնց հետ բախումներում կան ծեծի ենթարկվածներ եւ ձերբակալվածներ:

Մինգեչաուրում լարվածությունը պահպանվում է արդեն երկրորդ օրը: 27-ամյա Բահրուզ Հաջիեւը զոհվել է 20 րոպե անց այն բանից հետո, երբ նրան հարցաքննության են բերել ոստիկանություն: Ոստիկանությունում պնդում են, որ հարցաքննության ժամանակ երիտասարդն անսպասելիորեն դուրս է նետվել պատուհանից: Սակայն, զոհվածի հարազատները գտնում են, որ Բահրուզ Հաջիեւը սպանվել է խոշտանգումներից եւ որպես դրա ապացույց բերում են զոհվածի խոշտանգված մարմնի դիարանում արված լուսանկարները, որոնք հրապարակել են նաեւ մամուլում: