Պատգամավորական գործունեությամբ զբաղվելու չափորոշիչը տարիքը չէ. Նաիրա Զոհրաբյան


16:10 , 22 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Քսանհինգ տարին բավարար տարիք է օրենսդրական գործունեությամբ զբաղվելու համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում պատգամավորի համար սահմանված նվազագույն տարիքային շեմին, որին Tert.am-ի հետ զրույցում  դեմ էր արտահայտվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ առաջարկելու է նշված շեմը 25 տարեկանից բարձրացնել:

«Չպետք է մոռանալ, որ տարիքը չէ հիմնական չափորոշիչը: Ես կարող եմ 35-60 տարեկան մեղսունակների օրինակներ բերել, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ և երիտասարդ քաղաքական գործիչների, որոնք ունեն բավարար ինտելեկտ, բավարար ներուժ, քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Կարծում եմ՝ շեշտադրումը պետք է ոչ թե տարիքի վրա դնել, այլ այնպիսի չափորոշիչներ սահմանել, որ անգրագետներ, թերուսներ, խուլիգաններ, ռեցեդիվիստներ չհայտնվեն խորհրդարանում»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կարող է բազմաթիվ 25 տարեկան երիտասարդների անուններ տալ, որոնք շատ լավ պատգամավորներ կարող էին լինել, բայց գոյություն ունեցող իրականության հետևանքով չեն կարողանում մուտք գործել խորհրդարան:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Հայաստանում գործող բոլոր առանցքային կուսակցությունները սերնդափոխության կարիք ունեն:

«Նայեք մեր կուսակցությունների համայնապատկերը. բազմաթիվ գործիչներ վերածվել են մումիաների, ու մենք նրանց անընդհատ տեսնում ենք խորհրդարանում: Ճիշտ գրագետ սերնդափոխության կարիք կա բոլոր դերակատար կուսակցություններում: Ես՝ որպես ԲՀԿ ներկայացուցիչ, շահագրգիռ եմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ թեկնածուների ցուցակում մեծ տեղ գրավեն պատրաստված, գրագետ երիտասարդներ, իսկ այդպիսիք մեր երկրում այսօր շատ կան»,-ասաց նա: