Ադրբեջանն ընտրությունների է գնում խիստ ծանր տնտեսական վիճակում. փորձագետ


06:55 , 22 օգոստոս, 2015

Lurer.com–ը գրում է.

Նավթի համաշխարհային գների անկման պատճառով մանաթի արժեզրկումը բերել է Ադրբեջանի արտարժույթի պահուստի զգալի կրճատմանը, ու այդ գործընթացը կշարունակվի մինչեւ աշնանը տեղի ունենալիք հերթական խորհրդարանական ընտրությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակ ոչելով «Աադլըգ» թերթը, հայտարարել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Ռովշան Աղաեւը` նշելով, որ ադրբեջանական իշխանությունը երբեք նման ծանր վիճակում ընտրությունների չի գնացել:

«Մանաթը կորցնում է գնողունակությունը, ոչ նավթային արտահանումը չի աճում: Պետնյուջեն կրճատելուց բացի, այլ ճանապարհ չկա: 2016 թվականին, կախված քաղաքական որոշումից, Ադրբեջանի պետբյուջեն կարող է կրճատվել 25-40 տոկոսով», -նշել է նա: Փորձագետի խոսքով` Ադրբեջան եկող փողը խիստ նվազում է, երկրից հանվող փողը խիստ աճում է, ազգային արժույթը հերթական անգամ հայտնվել է խիստ ճնշման տակ. նման իրավիճակում մինչեւ ընտրություններ պահուստների նվազումը դարձյալ կարագանա:

«Ընթացիկ տարվա փետրվարին` մանաթի 35 տոկոսով արժեզրկումից հետո, գնաճը վարչական ճանապարհներով կանխած կառավարությունն այս անգամ դա չի կաորղանալու անել, քանի որ բիզնեսի դիմակայելու լիմիտն արդեն ծախսվել է: Նման իրավիճակում բնակչության սոցիալական դրությունը զգալիորեն ծանրանալու է, իսկ դա բնակչության սոցիալական բարեկեցության համար ոչ մի լավ բան չի խոստանում», -ասել է Աղաեւը:

Ադրբեջանի կենտրոնական բանկի տեղեկության համաձայն` միայն հուլիսին արտարժույթի պահուստը 18,7 մլն դոլարով պակասել է: Փետրվարյան արժեզրկումից հետո` մինչեւ հուլիսի 31-ը, Ադրբեջանի կենտրոնական բանկի պահուստը 11 մլրդ 4,4 մլն դոլարից նվազել է 8 մլրդ 501,5 մլն դոլարի: 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ, Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պահուստը կազմում էր 15 մլրդ 163,2 մլն դոլար: Տարեկան կտրվածքով Ադրբեջանի ԿԲ-ի արտաարժույթի պահուստը 6 մլրդ 691,9 մլն դոլարով նվազել է: