02:06 , 22 օգոստոս, 2015
Tert.am–ը գրում է.
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում անօթևան մարդու վրա հարձակված երկու եղբայրներն արդարացրել են իրենց գործողությունները ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի ազդեցությամբ, գրում է New York Post-ը:
«Թրամփը ճիշտ էր, այդ բոլոր անօրինական ներգաղթյալներին պետք է արտաքսել»,- հայտարարել է կասկածյալներից մեկը՝ պատասխանելով դրդապատճառների մասին ոստիկանների հարցին:
Երիտասարդները չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին վերադառնալով տուն իրենց բեյսբոլի սիրած թիմի հաղթանակը նշելուց հետո՝ ճանապարհին հանդիպել են փողոցում քնած անօթևան լատինաամերիկացու, ինչից հետո սկսել են նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալ, ավերել են նրա ապաստանը, այնուհետ ծեծել նրան:
Տեղի բնակիչները, ովքեր դեպքի ականատես են եղել, ոստիկանություն են կանչել, որն էլ ձերբակալել է եղբայրներին:
Դոնալդ Թրամփը հայտնի է Մեքսիկայից ժամանող ներգաղթյալների հասցեին իր չափազանց սուր արտահայտություններով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով ԱՄՆ-ն «շարժվում է դեպի դժոխք»։ Բիլ Օ՛Ռայլիի շոուի ընթացքում անդրադառնալով ԱՄՆ-ի ներքին իրավիճակին՝ քաղաքական գործիչ-գործարարն ասել է, թե անհրաժեշտ է երկրից դուրս հանել անօրինական ներգաղթյալների երեխաներին, որոնք ծնվել են ԱՄՆ-ի տարածքում: