Սեփականատիրոջ կողմից լուրջ ներդրումներ են կատարվելու մարզահամերգային համալիրի զարգացման ուղղությամբ. Ս. Օհանյան


22:37 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Մարզահամերգային համալիրը պահպանելու է Կարեն Դեմիրճյանի անունը, իր գործունեության հիմնական ուղղությունը՝ պատմամշակութային, ժամանցային միջոցառումների իրականացումը, և դրանից օգտվելու ենք բոլորս՝ և՛ զինվորականներս, և՛ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով համալիրի վաճառքի թեմային` հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` ամենակարևորն այն է, որ սեփականատիրոջ կողմից լուրջ ներդրումներ են կատարվելու Մարզահամերգային համալիրի զարգացման ուղղությամբ: Նախարարն ասաց, որ սեփականաշնորհման գործընթացը լուրջ վերահսկողության տակ է գտնվում:

«Այն միայն ու միայն ուղղված է լինելու մշակութաժամանցային միջոցառումների՝ ավելի բարձր մակարդակով իրականացմանը: Մենք շփվում ենք նաև այլ երկրների հետ, տարբեր շինություններ ենք այցելում, և կարծում եմ, որ մենք էլ մարզահամերգային համալիրը պատշաճ տեսքի պետք է բերենք, որ կարողանանք ներկայանալի լինել»,- նշեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ մշակութային, ժամանցային, ռեստորանային համակարգերը, որոնցով զարգացվելու է համալիրը ոչ թե համալիրի ներսում են լինելու, այլ համալիրից դուրս, որը նույնպես համալիրի ընդհանուր տարածքի մաս է կազմում:

Դիտարկմանը, թե արդյոք վտանգավո՞ր չէ մարզահամերգային համալիրի՝ մասնավոր սեփականություն դառնալը, նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ վտանգավոր է. այն ՀՀ-ում է գտնվում և թևեր չի առնելու ու թռնի Հայաստանից»: