Զգուշացեք ակցիզներով շշերը ձեր երեխաներին տալուց


22:14 , 21 օգոստոս, 2015

Այսօր մեր Նարէն, չգիտես ինչպես, հաջողացրել էր կուլ տալ մի փոքրիկ գազարագույն ակցիզ, որը ինչպես և բոլորդ գիտեք, շատ հեշտությամբ պոկվում է շշերից և պլաստմասե մնացած բոլոր ապրանքներից (մանկական սննդի տարաներ, տեղական և արտասահմանյան արտադրության հազար ու մի ուտելիք ու ըմպելիք, որոնք շատ կիրառելի են մեր կենցաղում)։ Չնայած այն հանգամանքին, որ մենք միշտ պոկում ենք այս ակցիզները, այնուամենայնիվ, այդ չարաբաստիկ ակցիզն ինչ-որ կերպ հայտնվել էր մեր փոքրիկի մոտ։
Անշուշտ, հասկանալով, որ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել, անհապաղ դիմեցինք բժշկի։ Երկու հիվանդանոց ենք դիմել. առաջին հիվանդանոցում առանց զննելու, միանգամից ասացին, թե խնդիր չկա, կգա, կընկնի ինքն իրեն, այն դեպքում, երբ երեխան պնդում էր, թե. «Լեզվիս վրա բան կա...» (հասկանալի էր, որ կուլ չէր տվել դեռ)։ Ինչևէ, լավ է, որ խելացի մեկը գտնվեց այդ առաջին հիվանդանոցում ու մեզ ուղղորդեց երկրորդ՝ մեկ այլ հիվանդանոց, որտեղ քիթ-կոկորդի բժշկի և վիրաբույժների կողմից մանրամասն զննվելուց հետո եկանք այն եզրակացության, որ, ըստ երևույթին, ակցիզը կերակրափողի պատերին կպած չէր, այլ հավանաբար ստամոքսում էր արդեն։ Ինչևէ, մի ամբողջ օր հիվանդանոցներով լարված, իրար անցած չլվելուց, վազվզելուց հետո, փառք Աստծո, ամեն բան կարծես թե լավ է, դեռ խնդիրներ չունենք (ոչ փսխում, ոչ սրտխառնոց, ոչ արտառոց թքարտադրություն չունենք, հետևաբար, ամեն բան նորմալ է. հիմա սպասում ենք ակցիզի հայտնվելուն, հասկանալի է, թե ինչպես կամ ավելի ճիշտ՝ ինչ ճանապարհով):
Իսկ թե ինչո՞ւ եմ այս ամենը պատմում, ասեմ։ Երկու հիվանդանոցում էլ մեզ ասացին, որ այս ակցիզները կուլ տված երեխաներ շատ են ունցել։ Բուժանձնակազմից ով լսում էր, միանգամից ասում էր. «Հա՜, ակցիզ ա կուլ տվել էրեխեն», կարծես թե դե նորմալ բան է էլի, երեխա է, ակցիզ էլ կուլ կտա, բա հո առանց ակցիզ կուլ տալու չի՞ մեծանա։ Ի՞նչ են անում այս դեպքերում: Պատասխանը բավական կարճ է, եթե ակցիզը կպած է լինում կերակրափողի պատին ու անհնար է լինում այն դուրս բերել зонд-ի միջոցով, ապա նարկոզ են տալիս երեխային ու նոր միայն գտնում և դուրս բերում այդ չարաբաստիկ ակցիզները։ Դե նորմալ է, բա հո երեխան առանց նարկոզ չի՞ կարող մեծանալ, սովորական բան է...
Հիմա իմ հարցը կամ ավելի ճիշտ՝ հարցերը.
«Արդյո՞ք հիվանդանոցներից բողոք գնացել է Ֆինանսների և Առողջապահության նախարարություն ակցիզների վերաբերյալ»։
«Ի՞նչ են մտածում Ֆինանսների և Առողջապահության նախարարություններն այս մասին»։
«Արդյո՞ք հնարավոր չէ ակցիզավորման մեկ այլ տարբերակ գտնել, որը չի վտանգի մեր երեխաների առողջությունը ու սովորական բան չի դարձնի «ակցիզ կուլ տված» երեխայի սինդրոմը»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ փոքրիկի դեպքն առաջինը չէր, և այս տեսակ դեպքի մասին լսել էի նաև մի քանի ամիս առաջ, և տեսնելով, որ այդ մի քանի ամիսն էլ անցան, ու ակցիզները շարունակեցին մնալ իրենց տեղերում, հանգում եմ բացասական պատասխանի։
Ինչևէ, հուսանք, որ համապատասխան մարմինները կսթափվեն ու առավել մտահոգ կլինեն մեր զավակների առողջության հանդեպ։