20:15 , 21 օգոստոս, 2015Շքեղ ձիակառք, ամբողջ Հռոմի հրապարակով սփռված վարդի թերթեր, հայտնի «Կնքահայր» ֆիլմի երաժշտությունը, արցունքներ վշտահար մարդկանց դեմքերին... Ոչ, սա հատված չէ «Կոզա Նոստրա»-ի մասին հերթական հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներից։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ հենց այսպես է Հռոմում տեղի ունեցել մաֆիայի պարագլխի հուղարկավորությունը։
Իտալական մաֆիայի ամենամեծ կլաններից մեկի պարագլխի՝ քաղցկեղից մահացած 65-ամյա Վիտորիո Կասամոնիկայի հուղարկավորության արարողությունը սկսել է Հռոմի կենտրոնից։ Մահացածի դին եկեղեցի է հասցվել 1910 թվականի սև կառքով՝ լծված իռլանդական թանկարժեք ձիերով։ Այն ուղեկցվել է բազմաթիվ «յագուարներով» և «մերսեդեսներով» և 12 ջիպերով, որոնք տեղափոխում էին սգո պսակները։
Երբ դագաղը դրվեց դիակառքում, երկնքից ուղղաթիռի միջոցով թափվեցին հարյուրավոր կարմիր ծաղկաթերթիկներ, որոնք խորհրդանշում էին «երկնքի արցունքները»։
«Դուք նվաճեցիք Հռոմը, հիմա Դուք կգրավեք դրախտը». այս գրությամբ ցուցանակը տեղադրված էր Սան Ջովանի Բոսկո եկեղեցու մուտքի մոտ, որտեղ և անցկացվում էր արարողությունը։ Տեղի հոգևորականներից Ջանկարլո Մանյերին հայտարարել է, որ «ձեռքերը լվանում է» տեղի ունեցածից, քանի որ չի կարող վերահսկել այն, ինչ կատարվում է եկեղեցում։
Կասամոնիկայի կլանը, ոստիկանության տվյալներով, երկրի ամենամեծ կրիմինալ կառույցներից մեկն է, որն ավելի քան 1000 մասնաճյուղ ունի ամբողջ երկրում և տիրապետում է ավելի քան 90 միլիոն դոլար կարողության։ Այն ոչ միայն զբաղվում է թմրանյութերի վաճառքով Գերմանիայում, Իսպանիայում և Նիդերլանդներում, այլև մեծ ազդեցություն ունի տեղական քաղաքական համակարգի և ընտրությունների վրա։
Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ անթույլատրելի է, որ մաֆիոզի հուղարկավորությունը վերածվի մաֆիայի անդամների շքեղ կյանքի պրոպագանդայի։