Արժե ամեն ինչ թողնել ու զբաղվել հայ-իրանական հարաբերությունների մի շարք հարցերով. Արման Նավասարդյան


15:24 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների լավացումը ամենալավ առիթն է, որպեսզի Հայաստանը իր դերակատարությունը հաստատի աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ Իրանը կարող է փոխել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական դիմապատկերը:

«Արժե ամեն ինչ թողնել ու զբաղվել հայ-իրանական հարաբերությունների մի շարք հարցերով: Հնարավորությունները այստեղ շատ են, բայց կան դժվարություններ, կան այնպիսի մոնստրներ ինչպիսիք են՝ Ադրբեջանն ու Թուրքիան»,-ասաց նա:

Արման Նավասարդյանը նշեց, որ Չինաստանն ամենայն լրջությամբ է մոտենում հայ-իրանական գազատարի կառուցման հարցին և պատրաստ է միջոցներ տրամադրել:

«Արդեն գիտենք, որ ղեկավարությունից սեպտեմբերի վերջերին մեկնելու են Չինաստան, Հայաստանում Չինաստանի դեսպանը ինձ հետ անձնական զրույցի ժամանակ ասաց, որ շահագրգռված է Մետաքսի ճանապարհին երկաթգծի շահագործմանը, պատրաստ է Հայաստանի հետ մտնի հարաբերությունների մեջ և Չինաստանի համար դա մի մեծ բան չէ, եթե մենք ասում ենք, որ մոտ 3 մլրդ դոլար է հարկավոր»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ քաղաքական իմաստով Հայաստանի ու Իրանի հարաբերություններն ավելի գերակայություն ունեն Ադրբեջանի հետ համեմատած, իսկ Թուրքիայի վիճակը, ըստ նրա, հիմա ավելի ծանր է:

«Իհարկե, Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն թուրքմենական ու ղազախական գազը Թուրքիայի վրայով գազատարների միջոցով տանել, բայց դժվար է իմանալ՝ ինչպես կլինի։ Իրանցիները մեր քեռիները չեն, որ մեր մասին մտածեն, պետք է մենք մտածենք ու քայլեր անենք։ Պետք է կարողանանք այնպես անել, որ Ռուսաստանը չխանգարի, պետք է Ռուսաստանի հետ աշխատել»,-ասաց նա:

Միաժամանակ դիվանագետն ընդգծեց, որ ՀՀ ղեկավարությունը ճիշտ ուղղություն է ընտրել ՀՀ արտաքին քաղաքականության համար, անկախ նրանից ինչ է սպասվում ու ինչպես է ստացվում:
«Բաց կոմպլեմենտար քաղաքական կուրսը, որ ուզում է իրականացնել ՀՀ ղեկավարությունը, միակ ճիշտ տարբերակն է, որովհետև պատմությունը եթե նայենք բոլոր փոքր պետությունները այսկերպ են կարողացել իրեն քաղաքականությունը վարել»-ասաց նա։