Արձակուրդից վերադարձեք ոչ թե երկուշաբթի, այլ՝ չորեքշաբթի. մասնագետի խորհուրդը


14:00 , 21 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Սոնա Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ հարցին, թե ինչպես կարելի է առանց սթրեսի արձակուրդից վերադառնալ աշխատանքի։

Ըստ նրա՝ հետարձակուրդային սթրեսները կարող են պայմանավորված լինել և՛ արձակուրդի տևականությունից, և՛ բովանդակությունից:

«Գիտականորեն ապացուցված է, որ օպտիմալ տևականությունը հանգստի երկու շաբաթն է, նորմալը 3-ը, և եթե ավելին է  լինում արձակուրդի տևականությունը, բնականաբար, աշխատանքի ադապտացիան ևս երկարատև ժամանակ է պահանջում»,- ասաց նա:

Ըստ հոգեբանի՝ նախքան արձակուրդի գնալը շատ կարևոր է պլանավորել հանգիստը. «Այսնինքն՝ բովանդակային ևս պետք է կազմակերպչական աշխատանքներ տանել, որը ապահովում է լիարժեք հանգիստը: Կարևոր է նաև , որ նախքան արձակուրդ գնալը կիսատ գործերն ավարտին հասցնել, և այնպես պլանավորել, որ արձակուրդից վերադառնալ ոչ թե երկուշաբթի օրվանից, այլ չորեքշաբթի օրվանից, ինչը ապահովում է աշխատանքային շաբաթի կրճատում և ավելի հեշտ է դարձնում ադապտացիան»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ հետարձակուրդային ադապտացիանների մասին առաջին անգամ 1920 թ-ին նշել են գերմանացի գիտնակաները՝  հաշվի առնելով, որ արձակուրդից վերադառնալուց հետո  աշխատողների մոտ նկատվում է մտավոր աշխատանքի գործունեության նվազում:

«Բացի դրանից նրանք գանգատվում են անքնությունից, ախորժակի  բացակայությունից,  նյարդայնությունից, երբեմն նկատվում է ճնշվածություն, ապատիա և հիմնական գլխավոր  գանգատը աշխատելու ցանկության բացակայությունն է»,-ասաց նա:

Այդուհանդերձ, ըստ նրա, հանգիստը կարևոր նախապայման է, որի բացակայությունը կանդրադառնա առողջության վրա: «Իսկ հոգեբանական ստեսակետից էլ՝ նյարդայնություն, անտարբերություն, կոնֆլիկտներ, այսինքն՝ ավելի շատ հոգեբանական առանձնահատկություններ են, որոնք հուշում են, որ մարդը պետք է հանգստանա լիարժեք»,-ասաց նա: