13:40 , 21 օգոստոս, 2015
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի ղեկավարությունը նոտա է հղել պաշտոնական Անկարային, որում պահանջել է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի տարածքում՝ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Դրա համար պատճառ է եղել այն, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի տարածքում հարձակումներ են գործել իրանական ավտոբուսների ու բեռնատարների վրա։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը երեկ կանչվել է ԱԳՆ, ուր նրան հայտնել են, որ իրենք ցանկանում են, որ Թուրքիայում ավելի լավ ապահովեն Իրանի քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների անվտանգությունը։
Հուլիսի վերջերին Թուրքիայում սկիզբ առած բախումների ժամանակ PKK-ի զինյալները մինչ այժմ հարձակվել են Իրանին պատկանող մեկ մարդատար ավտոբուսի և 9 բեռնատարի վրա։ Այդ հարձակումների ժամանակ զոհվել է Իրանի մեկ քաղաքացի։ Բացի դրանից՝ PKK-ի զինյալները երկու անգամ զինված հարձակում են իրականացրել Անկարա-Թեհրան երթուղով ընթացող գնացքների վրա, ինչից հետո Իրանի ղեկավարությունը կասեցրել է այդ ուղղությամբ գնացքների երթերը։