00:46 , 21 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ասաց, թե սահմանադրության նախագծում մի ամբողջ հոդված նվիրվել է երեխաների իրավունքներին:
«Սահմանադրության նախագծի 36-րդ հոդվածը իրավական հիմքեր է ստեղծում Հայաստանում երեխաների առք ու վաճառքի շուկա ստեղծելու համար»,-ընդգծեց Հայկ Այվազյանը:
Նա նշեց, որ 1993 թվականին Հայաստանը վավերացրել է «Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, 1996 թվականից Հայաստանում գործում է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
«Արդյո՞ք Հայաստանում երեխաների իրավունքները ոտնահարվում են, արդյո՞ք երեխաները Հայաստանում ենթարկվում են մասսայական բռնությունների, խոշտանգումների, սեռական կամ այլ բնույթի շահագործման: Երեխաների հետ կապված ի՞նչ հիմնահարցերի կարգավորման է ուղղված նոր սահմանադրության նախագծի երեխաների իրավունքներին նվիրված հոդվածը»,-հարցադրում արեց Հայկ Այվազյանը՝ շարունակելով, թե սահմանադրության նախագծի երեխաների իրավունքներին նվիրված 36-րդ հոդվածում տեղ գտած սահմանումների բացատրությունները ՀՀ որևէ օրենքում սահմանված չեն և դրանք շատ մտահոգիչ են:
Նրա խոսքով՝ երեխաների իրավունքների հանձնաժողովն ընդգծում է, որ երեխայի կողմից իր կարծիքն արտահայտելու համար տարիքային որևէ սահմանափակում չկա: Ավելին, նշված է, որ երեխան պարտավոր չէ խորը գիտելիքներ ունենալ իրեն վերաբերող հարցերում, այլ պետք է իմանա այնքան, որքան որ բավարար է իր կարծիքն արտահայտելու համար:
Հայկ Այվազյանը մտահոգիչ է համարում նաև այն, որ երեխային ընտանիքից հեռացնելու որոշումը, որն ընտանիքում ենթարկվում է ոչ պատշաճ ուշադրության, կարող է իրականացվել երեխայի, նրա ընտանիքի մյուս անդամի կամ համայնքի այլ անդամի բողոքի հիման վրա: