ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավոր պաշտոնը Գալուստ Սահակյանն է. ԱԺ նախագահ


19:11 , 20 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Ընդդիմությունը պետք է մասնակից լինի բոլոր խնդիրների լուծմանը, նոր սահմանադրությամբ ընդդիմությանը մեծ տեղ է տրած: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ լուծվել է նաև երկրի գերագույն  գլխավոր հրամանատարի հարցը:

«Լուծումը գտնվել է, որոշել ենք հետևյալ կերպ՝ անհրաժեշտության դեպքում խորհուրդ կա, որ լուծում է բոլոր հարցրերը, պատերազմական դրության ժամանակ վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատարը: Այս հարցով որևէ վտանգավոր խնդիր չենք տեսնում: Մենք նախագահականից անցանք կիսանախագահական, որոշակի ֆունկցիաներ տվեցինք նաև խորհրդարանին, անցումը միանգամից չկատարեցինք,–ասաց ԱԺ նախագահը և հավելեց,-երբ որ բարեկրթությունը չհաղթի հասարակության մեջ, ոչնչի չենք հասնի: Մեր հաղթաթուղթը բարեկրթությունը պետք է լինի, փորձում ենք նաև սահմանադրության այս մոդելով նաև դրան հասնել»։

Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ բնական է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո «արևաշող գարուններ են գալու Հայաստանի վրա». մեծ աշխատանք է անհրաժեշտ, որ այդ մոդելն արդյունավետ աշխատի:

Հարցին, թե կառավարման մոդելի փոփոխությունից հետո ի՞նչ պաշտոնում է տեսնում իրեն, ԱԺ խոսնակը պատասխանեց, որ երկրում գլխավոր պաշտոններ չեն լինում:

«ԱԺ նախագահը վերահսկում է կառավարության գործողությունները, ընդամենն այսքանը, նա գործադիր ֆունկցիաներ չունի, ընտրում է կառավարություն, ինքն էլ վերահսկում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավոր պաշտոնը Գալուստ Սահակյանն է, դա ինձ համար պաշտոն է, ավելի բարձր, քան ԱԺ նախագահը»,-ասաց նա:

Իսկ այն հարցին, թե ում է ուզում տեսնել իր պաշտոնում իրենից հետո, ասաց, որ այդտեղ հավաքվածներից յուրաքանչյուրին էլ տեսնում է։