Ինչ իրավական հետևանքներ կունենա «Էյր Արմենիայի» տնօրենի և ՀՖՖ նախագահի հաշտությունը` ըստ փաստաբանների


18:55 , 20 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

«Էյր Արմենիա»-ի  տնօրեն Արսեն Ավետիսյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ Ռուբեն Հայրապետյանի  հաշտության արդյունքում ՀՀՖ նախագահը քրեական հետապնդման կենթարկվի՞, թե ոչ, (քանի որ մասնավոր մեղադրանքի գործերով պարտադիր է տուժողի բողոքի առկայությունը, իսկ հաշտության դեպքում բողոք կարող է չլինել) փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Նիկոլայ Բաղդասարյանը դժվարանում են  այս պահին պատասխանել, քանի որ ըստ նրանց ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե իրավապահները  կողմից կհաստատվի՞, որ Արսեն Ավագյանը առևանգվել է:

«Այսինքն` դա մասնավոր մեղադրանքի գործ է, թե ոչ և ըստ այդմ` հետևանքները տարբեր կարող են լինել: Այսինքն` եթե մասնավոր մեղադրանքի գործ է, ապա տվյալ  գործերով պարտադիր է տուժողի բողոքի առկայությունը և եթե տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, ապա գործը ենթակա է կարճման։ Եթե գործը գտնվում է դատարանում, նույնպես, չի կարող կայացվել դատական ակտ:  Այսինքն` էապես տուժողի բողոքի առկայությունը»,-մեկնաբանեց Լուսինե Սահակյանը։

Ըստ փաստաբանի՝ սակայն մյուս բոլոր գործերով, անկախ նրանից հաշտվել է տուժողը մեղադրյալի  հետ, թե ոչ, նշանակություն չունի: «Միգուցե դատարանը դա կարող է դիտարկել որպես մեղմացուցիչ հանգամանք»,– ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Էյր Արմենիա» ՓԲԸ տնօրեն Արսեն Ավետիսյանը, ով օրեր առաջ ծեծի էր ենթարկվել,  բաց նամակ է տարածել, որում նշվում է, որ ինքն ընդունում է իրեն մեկնված հաշտության ձեռքը  և հասկացնել տվել, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund»  hիմնադրամի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել՝ հորդորելով գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդիրները։ Նա նաև տեսակետ հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անդրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության  վրա, որից  կախված է ոչ միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության վերագործարկումը, այլ նաև շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը:

Ամեն դեպքում, ըստ փաստաբանի, եթե այն, ինչ կարդացել է մամուլում, նաև Արսեն Ավագյանի կնոջ` Իզաբելլա Մելքումյանի` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում հաստատվի, ապա դա չի կարող լինել մասնավոր բողոքի գործ: «Եթե չեմ սխալվում` այնտեղ ազատությունից զրկելու խոսք կար, մարմնական վնասավածքների, պետք է պարզ լինի` ինչ վնասվածքներ են»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ  տնօրենին ու ՀՀ ոստիկանապետին ուղղված բաց նամակներում Իզաբելլա Մելքումյանը գրել  էր.«Ելնելով ամուսնուս՝ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ 15.08.2015թ. իրականացված ֆիզիկական բռնության հանգամանքից, և հաշվի առնելով, որ որոշ անձինք ի դեմս Ռուբեն Հայրապետյանի՝ դաժանաբար ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև առևանգել և զրկել ազատությունից իր կամքին հակառակ մոտ երկու ժամ, որի ընթացքում շուրջ 40 զինված անձանց ներկայությամբ Ռ. Հայրապետյանը ճնշում է գործադրել՝ պահանջելով ստորագրել մի գրություն, որ իբր ամուսինս Ռ. Հայրապետյանին գումար է պարտք»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Tert.am-ի հետ զրույցում բառացիորեն նույնկերպ մեկնաբանելով հանրային և մասնավոր բողոքների համար իրավական հիմքերը, նշեց.«Այն տեղեկատվությունը, որ կա  մամուլում, որ տվյալ անձին առևանգել են, այնուհետև պատճառել վնաս, իրավական առումով հաշտությունը չի հանգեցնում գործի կարճման, եթե դա է»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե կա մարդու  առևանգման փաստ, ապա դա կարող է լինել միմիայն հանրային մեղադրանքի գործ: