15:50 , 20 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ռուսական ուղղաթիռը խախտել է երկրի օդային տարածքը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, վրացական արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական Մի-8 ուղղաթիռը երևացել է Զարդիանթկարի գյուղի մոտակայքում, որը տեղակայված է Հարավային Օսիայի հետ սահմանին։
Վրաստանի ԱԳՆ-ն Եվրամիության դիտորդական առաքելությանն ու ժնևյան բանակցությունների համանախագահներին խնդրել է գնահատական տալ միջադեպին։
«Ռուսաստանի Դաշնության նման գործողությունները սադրանք են և սպառնում են տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանմանը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը դեռ այդ հայտարարությունը չի մեկնաբանել։