09:30 , 20 օգոստոս, 2015
Դուբլինից Վաշինգտոն ժամանած ուղևորատար ինքնաթիռն օդանավակայանի տարածքում տեղավորվելու ժամանակ հարվածել է ուղևորների համար նախատեսված անցուղուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին: Ժամանած ինքնաթիռը բախվել է կամրջակին, սակայն չեմ կարծում, որ չափազանց ուժգին: Այժմ ավիաընկերության մասնագետներն ուսումնասիրում են վնասված մասը, սակայն վնասը դժվար թե շատ լուրջ լինի: Տուժածներ չկան, բոլոր ուղևորներն ինքնաթիռից դուրս են եկել մեկ այլ՝ շարժական ուղու միջոցով, որը մոտեցել է ինքնաթիռի հետևի դռանը»,- հայտնել են օդանավակայանից՝ չհստակեցնելով, թե քանի ուղևոր է եղել ինքնաթիռում:
Աղբյուրը նշել է, որ ինքնաթիռը պատկանել է United Airlines ավիաընկերությանը: Միջադեպի հետևանքով օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել, և մյուս բաժանմունքներն աշխատել են սովորական ռեժիմով: