19:53 , 19 օգոստոս, 2015Երբ խոսքը գնում է ժամանակակից սարքերի լիթիումա-իոնային մարտկոցների ճիշտ լիցքավորման ձևերի մասին, կարծիքները կիսվում են։ Ոմանք վստահ են, որ մարտկոցները պետք է մինչև վերջ օգտագործել ու միայն նոր լիցքավորել մինչև 100 տոկոս, իսկ այլոք պնդում են, որ գաջեթները պետք է մշտապես լինեն 40-80 տոկոս լիցքով, և դրանք պետք է պարբերաբար լիցքավորել։ Ինչի՞ց են ծագել այս տարաձայնությունները։ Եկեք պարզենք միասին։
Մինչև վերջերս համատարած կիրառվում էին նիկելային մարտկոցներ։ Հենց այս մարտկոցներն էին, որ պետք էր անպայմանորեն մինչև վերջ սպառել ու նոր լիցքավորել, և արդյունքում շատերը հիշեցին այս կանոնն ու սկսեցին վերագրել այն բոլոր տեսակի մարտկոցներին։
Ժամանակակից լիթիումա-իրոնային մարտկոցները, որոնք չունեն «հիշողություն», նախատեսված են 2-3 անգամ ծառայելու համար։ Սակայն կարելի է անել այնպես, որպեսզի դրանք առավելագույնս երկար ծառայեն։ Ձեզ ենք ներկայացնում 5 արդյունավետ միջոց, թե ինչպես երկարացնել սմարթֆոնների, նոութբուքների ու մարտկոցներով աշխատող այլ սարքերի մարտկոցների կյանքը։
Լիթիումա-իրոնային մարտկոցներով սարքերը չի կարելի թողել, որ ամբողջությամբ սպառեն իրենց լիցքը։ Դուք էապես կերկարեցնեք դրանց ծառայության ժամկետը, եթե պարբերաբար լիցքավորեք մարտկոցը։
Արտադրողները մարտկոցների ծառայության ժամկետը հաշվարկում են լրիվ լիցքավորման ցիկլերով (այսինքն՝ մինչև 0 տոկոս սպառվելու)։ Օրինակ՝ որակյալ մարտկոցների երկարակեցությունը 400-600 ցիկլ է կազմում։ Ստորև բերված աղյուսակում կարող եք տեսնել տվյալներ, որոնք վկայում են, որ մարտկոցներն ավելի լավ է լիցքավորման դնել, երբ մնում է 10-20 տոկոսի լիցք։
Հաշվարկի սկզբունքը պարզ է. եթե Ձեր հեռախոսի մարտկոցում մնացել է 20 տոկոսի լիցք, ապա լիցքավորման խորությունը 80 տոկոս է։
Պետք չէ ամեն անգամ լիցքավորել լիթիումա-իոնային մարտկոցները մինչև 100%։ Դրանք ավելի երկար կծառայեն, եթե մշտապես լիցքավորված լինեն 40-80 տոկոսով։ Եթե մարտկոցը լիցքավորվել է 100 տոկոսով, ապա պետք է անջատել լիցքավորող սարքը, որովհետև այս գործոնը ևս ազդում է մարտկոցի երկարակեցության վրա։
Մասնագետները խորհուրդ են տալիս առնվազն 3 ամիսը մեկ անգամ ամբողջովին լիցքաթափել մարտկոցներն ու լրիվ լիցքավորել՝ թողնելով լիցքավորիչը միացված 8-12 ժամ։ Այս մեթոդը կարգավորում է սարքը, որովհետև բազմակի կարճատև լիցքավորումներից մարտկոցի աշխատանքային ռեժիմը կարող է խաթարվել։
Որպես կանոն, բջջային սարքերի լիցքավորիչ սարքը մոնտաժված է հենց սարքի ներսում, իսկ արտաքին ցանցային ադապտերները պարզապես նվազեցնում են լարումն ու կարգավորում են հոսանքը։ Այլ կերպ ասած, դրանք ուղղակի ազդեցություն չեն ունենում մարտկոցի վրա։ Սակայն որոշ գաջեթներ, որոնց թվում են թվային տեսախցիկները, չեն ունենում լիցքավորող սարքեր. դրանց մարտկոցները լիցքավորվում են արտաքին լիցքավորիչ սարքերի միջոցով։ Նման դեպքերում պետք է օգտագործել միայն օրիգինալ սարքերը, որովհետև ցածրորակ սարքերից օգտվելն ազդում է մարտկոցի պիտանելիության ժամկետի վրա։
Ինչ վերաբերում է մարտկոցի կախվածությանը ջերմաստիճանից, ապա պետք է հաշվի առնել, որ բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարտկոցի կյանքի տևողության վրա։ Խնայեք մարտկոցները գերտաքացումից, տաք եղանակային պայմաններում մի՛ դրեք նոութբուքը Ձեր ծնկներին, թույլ մի՛ տվեք, որ արևի ուղիղ ճառագայթներն ընկնեն սարքի վրա ու մի՛ թողեք այն ջերմության աղբյուրի մոտ։ Լիթիումա-իոնային մարտկոցների համար առավելագույն թույլատրելի ջերմային սահմանները -40°C – +50°C են։
Իհարկե, բոլոր այս կանոններին իդեալապես հետևել կենցաղային վազվզուքի մեջ հնարավոր չէ, բայց այս խորհուրդներին հետևելու դեպքում Ձեր էլեկտրոնային սարքերի մարտկոցները հնարավորինս երկար կծառայեն Ձեզ։