14:40 , 19 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր չտուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ իր այսօրվա նիստի օրակարգում առկա երկու վարույթներով, քանի որ բողոքած քաղաքացիները հանձնաժողովին հայտնեցին, որ ամեն ինչ հիմա նորմալ է, միացումները կատարվել են:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի այսօրվա նիստում երկու քաղաքացիների դիմումների հիման վրա վարչական վարույթներ էին հարուցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու մասին:
Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 18-ին քաղաքացի Արտավազդ Ստեփանյանը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և հայտնել, որ ՀԷՑ-ի հետ 2015 թվականի փետրվարի 17-ին կնքված նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի համաձայն` Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի 50/6 հասցեի սեփականատեր Արտավազդ Ստեփանյանի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետ էր սահմանվել 2015 թվականի մայիսի 17-ը։
Սակայն այսօր Արտավազդ Ստեփանյանը բառացիորեն հետևյալն ասաց Ռոբերտ Նազարյանին.«Իմ մոտ նորմալ է, ես արդեն բաժանորդ եմ, ոչ մի խնդիր չկա»:
Մյուս բողոքող քաղաքացին էլ հայտնեց, որ արդեն պայմանագիրն ստորագրված է, որ իրենք հոսանք ունեցել էին, ուղղակի երկրորդ գիծն էին ցանկացել քաշել:
Դրանից հետո Ռոբերտ Նազարյանը հարց ուղղեց ՀԷՑ ներկայացուցչին՝ «ո՞ւր է Բիբինը, ինչո՞ւ նիստին չի մասնակցում: Իսկ լռությունից հետո արդեն նա դիմեց ռուսական ընկերության ներկայացուցիչ պարոն Կոլեսնիկովին՝ ասելով.«Պարո՛ն Կոլեսնիկով, ես ուզում եմ Ձեզ հետևյալ հարցադրումն անել, ինչո՞ւ պետք է, անպայման, իրավիճակը հասցնեք այս աստիճանի, վարչական վարույթ սկսենք, նոր դուք ձեր աշխատանքները փորձեք կատարել օրինականության դաշտում»:
Կոլսենիկովն էլ ի պատասխան ասաց, որ սկզբնական շրջանում իրենք խնդիրներ են ունեցել միացումների հետ կապված:
Նշենք, որ ՀԷՑ-ը պետք է տուգանվեր 5 միլիոն դրամի չափով: